Կանադան ռազմական ուսումնական կենտրոն է բացել Արկտիկայում

Կորնուոլիս կղզում բացվել է Արկտիկայի կանադական զինված ուժերի ուսումնական կենտրոնը։ Կանադային պաշտպանության նախարար Ռոբերտ Նիկոլսոնը շեշտել է, որ կենտրոնի բացումը թույլ կտա Կանադային ուժեղացնել իր դիրքերն այդ շրջանում և տեղական քաղաքացիական իշխանություններին աջակցություն ցույց տալ։

Կանադական նավը՝ Արկտիկայում

Կանադական նավը՝ Արկտիկայում

Նախարարի խոսքերով՝ ռազմական կենտրոնը կարող է օգտագործվել նաև որպես հրամանատարական շտաբ արտակարգ իրավիճակներում ու որոնողափրկարարական գործողություններում։ Ծրագրվում է եղանակային խիստ պայմաններում զինծառայողների վերապատրաստումն իրականացնել խմբերով՝ յուրաքանչյուր խմբում ընդգրկելով 100 հոգի։ Այն առանձնանում է նրանով, որ գործելու է տարվա բոլոր օրերին։

Հիշեցնենք, որ այս ուսումնական կենտրոնի ստեղծման մասին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել էր դեռևս 2007-ին։ Սակայն նա կենտրոնի հիմնադրման մեկ այլ պատճառ էր նշել՝ ասելով . «Արկտիկայում մենք կամ օգտագործում ենք այս տարածքները, կամ կորցնում ենք դրանք»։

Հավելենք, որ Հարփերի կառավարությունը, 2006-ին գալով իշխանության, իր հիմնական խնդիրներից առանձնացրեց «Կանադայի ռազմական ներկայության ամրապնդումը Արկտիկայում»։

Բացի ռազմական կենտրոնից, ծրագրել էին Բաֆֆինում հիմնել ռազմական ու քաղաքացիական նավերի նավահանգիստ, կառուցել նոր պարեկային նավեր ու ձեռք բերել նոր անօդաչու թռչող սարքեր։ Ռազմական բյուջեն դեռևս թույլ չի տալիս այս ծրագրերը կյանքի կոչել։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *