Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել, որով հերքել է թուրքական և միջազգային մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե թուրքական օդուժի կործանիչները թռիչքներ են կատարել Լիբանանի օդային տարածքում։
«Այն լուրերը, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երևացել են Լիբանանի երկնքում, չեն համապատասխանում իրականությանը»,-նշել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ում։
Նշենք, որ լիբանանյան «ալ Դիյար» լրատվամիջոցի տարածած տեղեկությունն օգոստոսի 15-ին արագորեն տեղ էր գտել և ակտիվորեն տարածվել թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներով։
Նշենք, որ Թուրքիան և Լիբանանը ցամաքային սահման չունեն։ Ցամաքով Լիբանան հասնելու ամենակարճ ճանապարհը Սիրիայի տարածքով է։ Իսկ ահա ջրային կապը Թուրքիայի և Լիբանանի միջև ապահովում է Միջերկրական ծովը։
Հավելենք նաև, որ վերջին օրերին Լիբանանի տարածքում առևանգել են «Թուրքական ավիաուղիների» երկու օդաչուների, որոնց գտնվելու վայրը դեռ հայտնի չէ։ Բեյրութում թուրք օդաչուների առևանգման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Զուվար ալ Ռիդա» ոչ այնքան հայտնի խմբավորումը, որը պահանջում է ազատ արձակվել Սիրիայի տարածքում ապստամբների կողմից պատանդ պահվող Լիբանանի 9 քաղաքացիների։