Իրանն ու ՌԴ-ն համաձայնություն չունեն Ս-300-երը Անթեյ-2500-ով փոխարինելու հարցում

Ռուսաստանի և Իրանի միջև Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերի փոխարեն Անթեյ-2500 համակարգեր տրամադրելու համաձայնություն չկա։

Այս մասին լրագրողների հետ զրույցում է հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Անատոլի Իսայկինը, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը

Իսայկինը նշել է, թե «բարդ է այս կապակցությամբ որևէ բան ասել» և հավելել՝ «կողմերի միջև Ս-300-ների փոխարեն Անթեյ-2500 տրամադրելու համաձայնություն չկա»։

Հիշեցնենք, որ 2007 թվականին Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր էին կնքել Ս-300 համակարգերի ձեռք բերման վերաբերյալ։ Իրանական աղբյուրների տեղեկություններով՝ Թեհրանը պայմանագիր էր կնքել առնվազն 5 միավոր նման համակարգ ձեռք բերելու վերաբերյալ։

Սակայն ՀՕՊ համակարգերի տրամադրումն Իրանին ուշանում է, ինչն արդեն տարաձայնությունների պատճառ է հանդիսացել Մոսկվայի և Թեհրանի միջև։

ՌԴ-ն Ս-300-երի ուշացումը պատճառաբանում է ՄԱԿ ԱԽ սահմանած բանաձևերով, որոնք արգելում են իրանական կողմին հանձնել մի շարք զինատեսակներ, այդ թվում նաև Ս-300 ՀՕՊ համակարգերը։

2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանափակվում էր Իրանի հետ ռազմական համագործակցության վրա՝ միևնույն ժամանակ վավերացնելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը։

Իրանը 2011 թվականին դիմել է Ժնևի միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ «Ռոսօբորոնէքսպորտի»՝ պայմանագիրը չկատարելու համար։

Վերջին շրջանում մամուլում հայտնվում են տեղեկություններ, թե ռուսական կողմը պատրաստվում է Ս-300-ի փոխարեն Իրանին առաջարկել այլ ՀՕՊ համակարգեր, սակայն Թեհրանը հրաժարվում է և պահանջում պայմանագրով սահմանված զինատեսակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *