«Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալներն օգոստոսի 13-ին փորձ են արել գրավել Եմենի Լահջ շրջանի Հավթա քաղաքը։ AP-ն տվյալներ է հրապարակել, հղում տալով Եմենի բանակում սեփական աղբյուրներին, ըստ որոնց՝ ահաբեկիչների հարձակման դեմ պայքարելիս զոհվել է 3, վիրավորվել 4 զինծառայող։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ կորուստներ են կրել ահաբեկիչները։
Հայտնի է միայն, որ քաղաքի վրա հարձակման գործողությանը մասնակցել է ավելի քան 70 զինյալ։ Եմենի բանակը գործի է դրել իր տանկերը՝ շրջափակելով բնակելի թաղամասը, որտեղ արդեն կենտրոնացել էին զինյալները։
Համաձայն նույն աղբյուրի՝ գիշերվա ժամերին Հավթան լքել են մեծ թվով խաղաղ բնակիչներ։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Հավթայի վրա հարձակումն իրականացվել է այն բանից հետո, երբ Եմենի պաշտպանության նախարարը ելույթ է ունեցել պետական հեռուստաընկերությամբ՝ վկայելով՝ երկրում նվազել է ահաբեկչական սպառնալիքը, «իշխանությունները մտադիր են մինչև վերջ պայքարել այն արմատախիլ անելու համար»։
Հիշեցնենք, որ Եմենի տարածքում գործում է «Ալ Ղաիդայի» առանձին ճյուղը, որը, ըստ ամերիկյան իշխանությունների, ներկա դրությամբ գոյություն ունեցող խմբավորումներից ամենաակտիվն է։
Հավելենք, որ օգոստոսի 6-ին Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն փակել էին Եմենի տարածքում իրենց դեսպանատներն ու տարհանել աշխատակիցներին՝ «ահաբեկչական գործողության սպառնալիքի մեծ հավանականության» պատճառով։
Իսկ օգոստոսի 9-ին BBC-ի ռուսական մասնաճյուղը տեղեկացնում է ամերիկյան ԱԹՍ-ների իրականացրած 3 հարվածներից սպանված շուրջ 14 ահաբեկիչների մասին։