ԿԽՄԿ երևանյան գրասենյակն ընդունեց հայ ռազմագերու ծնողներին

ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մամուլի խոսնակի պաշտոնակատար Էթերի Մուսայելյանը լրագրողների հետ կարճ հանդիպում է ունեցել, որի ժամանակ նշել է, թե ԿԽՄԿ Բաքվի գրասենյակում տեղյակ են դեպքի վերաբերյալ, իսկ ինքն այլ տեղեկություններ հաղորդելու իրավասություն չունի։

Նշենք, որ Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներին վերջապես ընդունել են Կարմիր խաչի գրասենյակում, որի դիմաց այսօր նրանք մի քանի ժամ են անցկացրել։

15։40-ի սահմաններում հայ ռազմագերու ծնողները դեռ հանդիպում են անցկացնում Հայաստանում գտնվող ԿԽՄԿ հատուկ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ, ով այսօր ավելի վաղ այցելել էր պաշտպանության նախարարություն, իսկ այցից հետո ընդունել է ծնողներին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Ինջիղուլյանին, որ գրանցված դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *