ՀՀ տանկիստներն օգոստոսի 17-ին կմրցեն ՌԴ-ում ընթացող տանկային բիաթլոնի մյուս մասնակիցների հետ

Մերձմոսկովյան Ալաբինոյում օգոստոսի 17-ին կկայանա տանկային բիաթլոնի միջազգային մրցումների որոշիչ փուլը։

Տանկային բիաթլոնին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի տանկիստները։

ՌԴ մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Իվան Բուվալցևի խոսքերով՝ տանկային բիաթլոնին մասնակցող երկրների պատվիրակությունները կմրցեն Տ-72 Բ տանկերով հավասար պայմաններում։

Նա նշել է, որ կազմակերպող կողմն ընտրել է հենց այս տեսակի տանկերը, քանի որ դրանցից իրենց սպառազինությունում ունեն բոլոր մասնակից երկրները։

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի տանկիստներն արդեն Ալաբինո են այցելել, որտեղ ծանոթացել են տեղանքին և զորավարժարանի հնարավորություններին։

Նշենք, որ ՌԴ հաջորդ տարի կայանալիք տանկային բիաթլոնին հրավիրել է ԱՄՆ-ին, Իտալիային և Գերմանիային։

Հիշեցնենք, որ ռուսական բանակում հաճախ կազմակերպվող տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։ Հաճախ այս կանոնները որոշակի փոփոխությունների են ենթարկվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *