[Թարմացված] ԿԽՄԿ հատուկ պատվիրակը ՊՆ է այցելել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը դեռ չի ընդունել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ադրբեջանական կողմում գերի ընկած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի ծնողներին ու հարազատներին։

Վերջիններս արդեն մի քանի ժամ է, ինչ ԿԽՄԿ գրասենյակի առաջ են։ Նրանց ավելի վաղ խոստացել էին ընդունել 14։00-ի սահմաններում, սակայն մինչ այժմ ընդունելություն չի կայացել։

Այդ ընթացքում Կարմիր խաչի գրասենյակից դուրս է եկել Հայաստանում գտնվող ԿԽՄԿ հատուկ պատվիրակ Դրագանա Ռանկովիչը, ով չի պատասխանել լրագրողների և հավաքվածների հարցերին՝ միայն նշելով, որ գնում է Պաշտպանության նախարարություն։

Ռազմինֆոյի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաև ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով նշեց, թե հանդիպման ժամանակ քննարկվելու է ռազմագերու վերադարձման հարցը։

Ինջիղուլյանի ազգականները շարունակում են սպասել Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց։

Նշենք, որ Ռազմինֆոյի հետ զրույցում հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, ասել է, որ զայրացած են իրենց որդուն հարցազրույցի դրդելու և Կարմիր խաչի դիրքորոշման վրա։

«Ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս կարող է Կարմիր խաչը ռազմագերուց նորություն չունենա կամ հարցազրույց անցկացնեն  առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայության»,-նշել է հայրը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Ինջիղուլյանին, որ գրանցվախ դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *