ՄԻՊ-ը հորդորում է բանակի հետ կապված խնդիրների դեպքում զանգահարել 116

ՄԻՊ գրասենյակը դիմում է քաղաքացիներին՝ հորդորելով հնարավորինս արագ ահազանգել բանակում իրենց հայտնի խնդիրների, միջադեպերի, բողոքների մասին՝ զանգահարելով 1-1-6 Պաշտպանի թեժ գծին։  ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Տեղեկանալով ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում մահացած զինվորի հարազատներին և իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։
Հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, դեռևս չկա համապատասխան մարմնի կողմից առաջադրված հստակ վարկած և հայտնի չէ մահվան իրական պատճառը՝ Պաշտպանն առայժմ զերծ կմա  գնահատականներից։
Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ մահացած զինվորի հարազատները հրապարակել են իրենց դժգոհությունները զինվորին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրների մասին վաղօրոք ահազանգումը կարող է կանխել ողբերգական հետևանքները՝ դիմում ենք բոլոր զինծառայողներին, նրանց ծնողներին, հարազատներին և ընկերներին հնարավորինս արագ ահազանգել իրենց հայտնի խնդիրների, միջադեպերի, բողոքների մասին՝ զանգահարելով 1-1-6 Պաշտպանի թեժ գծին։
Շահագրգիռ անձանց վաղօրոք ահազանգը և մեր միջամտությունը կարող են կանխել ցավալի հետևանքները նմանատիպ և այլ իրավիճակներում»։

Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներով տարածված նամակի համաձայն՝ դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը և նրա բարեկամները փորձում են պարզել, թե ովքեր են պատասխանատու Հայկի մահվան համար՝ սպայական կազմը, թե բուժանձնակազմը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *