Եգիպտոսի բանակը ավիահարված է հասցրել Սինայում տեղակայված զինյալներին

Եգիպտոսի զինված ուժերի ավիացիան Սինա թերակղզու հյուսիսում ոչնչացրել է, ըստ նախնական տվյալների, 4 զինյալի։ Վիրավորվել է ևս 7 զինյալ։

Համաձայն «Ալ Ջազիրայի» հաղորդած տվյալների՝ ավիահարվածը հասցվել է օգոստոսի 10-ի գիշերը։ Եգիպտոսի ԶՈւ «Ապաչ» ուղղաթիռները կրակ են բացել Իսրայելի հետ սահմանին տեղակայված գյուղերում պատսպարվող զինյալների վրա։ Ընդհանուր առմամբ արձակվել է 9 հրթիռ։ Զինյալները պատասխանել են կրակին, սակայն նրանց չի հաջողվել վնասել ուղղաթիռները։

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ Եգիպտոսի զինված ուժերը Սինա թերակղզին զինյալներից մաքրելուն ուղղված ռազմական գոծողություններ են իրականացնում։ Ըստ տարբեր աղբյուրների տվյալների՝ Սինայում պատսպարվում են 500-1000 զինյալ-ահաբեկիչներ։ Ստեղծված իրավիճակը մտահոգում է նաև Իսրայելին, քանի որ զինյալների՝ իսրայելական կողմի վրա հրթիռային հարձակումները հավանական են։

Հավելենք, որ ներկայումս Եգիպտոսում իշխանությունը զինվորականների ձեռքում է։ Հուլիսի սկզբին նրանք գահընկեց են արել գործող նախագահ Մուհամմեդ Մուրսիին՝ վերջինիս դեմ ուղղված մի շարք ցույցերից հետո։ Այս ամենից հետո ցույցեր են սկսել նաև Մուրսիի կողմնակիցները։

Այս լարված իրավիճակի ֆոնին Սինա թերակղզում աստիճանաբար կենտրոնացել են Մուրսիի համակիրների ուժերը՝ կոչ անելով զենքի օգնությամբ վերադարձնել իշխանությունը նախագահին։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *