Կարգապահության խնդիրները ռուսական բանակում. վերլուծություն

Ձեզ ենք ներկայացնում «Национальная оборона» հանդեսի հատուկ թղթակից և բլոգգեր Դենիս Մոկրուշինի գրառումը ռուսական բանակում կարգապահության խնդիրների մասին` հայերեն թարգմանությամբ։

Կարգապահությունը և կարգապահական պատիժները բանակում

Ինչպե՞ս էին ապահովում կարգապահությունը, ենթադրենք, տասը տարի առաջ

Գիտակցությանն ապավինելն, իհարկե, վատ չէ, սակայն կարգապահությունը պահպանելու ամենաարդյունավետ ձևը պատժվելու վախն էր։ Գոյություն ուներ պատժի երկու տարբերակ՝ օրինական և անօրինական։

Առաջինի դեպքում կարգազանց զինծառայողը կարող էր նկատողություն ատանալ։ Ժամկետային զինծառայողի համար այն որևէ էական սպառնալիք չէր ներկայացնում, այդ իսկ պատճառով դրանից չէին վախենում։ Ավելի արդյունավետ պատիժ էր օրինախախտ զինվորի ծնողներին կամ իր բնակության վայրի տեղական կառավարման մարմիններին հրամանատարի ուղարկած նամակը։ Այդ մեթոդը հազվադեպ էր կիրառվում, այն էլ ոչ բոլոր հրամանատարների կողմից և աշխատող էր միայն այն դեպքում, երբ զինվորն իր ծնողներին շատ էր հարգում, իսկ վերջիններն էլ ցանկանում էին իրենց որդու վրա ազդել։ [Այս մոտեցումն] առավել ազդեցիկ էր, եթե զինվորը հյուսիսկովկասյան հանրապետություններից էր, ուր մեծ է հարգանքը ծնողների հանդեպ։

Պատժի ամենահաճախ կիրառվող ձևն անկարգապահ զինվորին հաուպտվախտում (զինվորական կալանատանը) պահելն էր, ուր նրան N օրով կարող էր ուղարկել հրամանատարը։ Այնտեղ նրան երես չէին տալիս, կարող էին ինչպես մենախցում պահել, այնպես էլ տասնյակ այլ զինվորների հետ՝ 2×4մ մակերեսով խցում։ 24 ժամվա ընթացքում՝ երկու անգամ էին թույլ տալիս վազքով գնալ զուգարան մի քանի րոպեով, իսկ մնացած ժամանակ կարող էին թեկուզ տակներն անել։ Ցերեկները՝ վարժահրապարակում ուժասպառ անող շարային պատրաստություն կամ ձյան մաքրում։ Դեռ լավ էր, եթե պահակախումբը քո զորամասից էր. նշանակում է որոշակի արտոնություններ կլինեին, բայց վատ էր, երբ այլ զորամասից էր։ Կալանատանը պայմաններն ամեն տեղ տարբեր էին։ Այդ պատճառով պատմությունները տարբեր են. երկու շաբաթվա հանգստի կամ ընդհակառակը՝ երկու շաբաթ մղձավանջի մասին։ Կալանատանն անցկացրած օրերը հաշվի չէին առնվում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում, այդ իսկ պատճառով զինվորները ձգտում էի այնտեղ չհայտնվել։

Օրինական ներազդման հաջորդ միջոցը պատժի կրումն էր կարգապահական գումարտակում, ուր քրեական հանցանք գործած զինվորին ուղարկում էին ռազմական դատարանի որոշմամբ։ Կարգապահական գումարտակում պատիժը կրելու ժամանակը ևս հաշվի չէր առնվում որպես զինվորական ծառայություն և կարող էր մինչև երեք տարի տևել։ Այսինքն` ժամկետային ծառայության երկու տարուն ավելանում էր նաև մինչև երեք տարի կարգապահական գումարտակում, ուր պայմանները գաղութի պայմաններից քիչ էին տարբերվում։

Սակայն հրամանատարները զինծառայողների ոչ բոլոր արարքներն ու հանցագործություններն էին օրինական ձևով պատժում, քանի որ բանակում երկար տարիների ընթացքում «կեղտոտ սպիտակեղենը տնից դուրս չհանելու» արատավոր պրակտիկա էր ձևավորվել։ Ստորաբաժանումում կատարված միջադեպի համար, անկախ այն կանխելու հնարավորություն լինել-չլինելուց, պատժվում էր ամբողջ հրամանատարական շղթան վերևից մինչև ներքև. դասակի հրամանատար, դաստիարակչական գծով վաշտի փոխհրամանատար, վաշտի հրամանատար, ուսումնական աշխատանքների գծով գումարտակի փոխհրամանատար, գումարտակի հրամանատար և այլն։ Որպեսզի խուսափեն պատժից, սպայական միջավայրում սկսեցին թաքցնել իրավախախտումները, իսկ դրանց համար պատիժները սահուն կերպով վերածվեցին անօրինականի։ Կարգապահությունը պահելու ու մեղավորներին պատժելու ապօրինի ձևը շատ պարզ էր՝ ֆիզիկական ազդեցություն։ Կարճ ասած՝ քիթումռութին հասցնելով։ Զինվորը չի՞ կատարել հրամանը։ Ինչու՞ ուղարկել նրան կալանատուն, հետո այնտեղից հանել, ստանալ հրամանտարությունից խիստ նկատողություններ, եթե կարելի է նրան մի քանի ապտակ տալ, և հաջորդ անգամ վախից նա կջանա հրամանը կատարել։ Հին զորակոչի զինվորներն, այսպես կոչված, «դեդ»-երն էլ էին երիտասարդ սերնդին այդպես դաստիարակում։ Այսպիսով, կարգապահությունը հաճախ պահվում էր ոչ թե պատժելու օրինական միջոցների հաշվին, ինչպես պիտի լինի, այլ ավելի արագ և արդյունավետ անօրինական մեթոդներով։

Ինչպիսի՞ն է հիմա կարգապահության հարցը բանակում

Վերջին տարիներին մի քանի կարևոր փոփոխություններ եղան, որոնց հետևանքները և´ բացասական էին, և´ դրական։

Դեռ 2002 թվականին հասարակական կարծիքի ճնշման տակ որոշվեց, որ զինծառայողին պատիժը կրելու համար կալանատուն կարող է ուղարկել միայն դատարանը։ Եթե մինչ այդ դա հրամանատարի մենաշնորհն էր, ապա հիմա ամեն ինչ որոշում է դատավորը, ով կարող է մինչև 40 օրով կարգապահական կալանք նշանակելու որոշում կայացնել։ Իսկ կարող է և չկայացնել։

Այժմ զինվորին կալանատուն ուղարկել որոշած հրամանատարը պիտի դատարան ներկայացնի բավականին մանրամասն կազմված փաստաթղթերի փաթեթ, այլապես կարող է մերժում ստանալ.

  • Քննության նյութերը պաշտոնյաների բացատրագրերով ու զեկուցագրերով, որոնք հաստատում են, որ իրավախախտումը եղել է;
  • Օրինազանցի ծառայողական թերթիկը, որտեղ պիտի առնվազն երեք նկատողություն լինի իրավախախտումների համար;
  • Օրինազանցի բնութագիրը;
  • Օրինազանցի զեկուցագիրը, որտեղ նա հրաժարվում է փաստաբանի ծառայություններից։ Իսկ եթե չի հրաժարվում, ապա անհրաժեշտ է պետական տուրք վճարել նրա ծառայությունների համար;
  • Կարգապահության կոպիտ խախտման մասին արձանագրությունները (երկու օրինակով);
  • Զինվորի առողջության մասին բժշկական տեղեկանք, ուր ասվում է, որ նա առողջական խնդիրներ չունի և կարող է կալանքի տակ գտնվել;
  • Ներքին գործերի մարմիններից հավաստիացում, որ մինչև զորակոչը զինվորը պատասխանատվության չի ենթարկվել։

Ինչպես նաև մի շարք փաստաթղթերի կրկնօրինակներ` զինգրքույկի, ծառայողական թերթիկի, զինծառայողի անձնական գործի՝ ամեն էջը զորամասի հրամանատարի կողմից հաստատված։

Դասակի/վաշտի հրամանատարը լուծելու [առօրեական] բազմաթիվ խնդիրներ ունի, բայց, ենթադրենք, նա ժամանակ գտավ ու որոշեց հավաքել բոլոր փաստաթղթերը։ Բայց այս ժամանակ նորից գլուխ է բարձրացնում վերոհիշյալ հին խնդիրը՝ «կեղտոտ սպիտակեղենը տնից չհանելու» հրամանատարության ցանկությունը։ «Ավագ լեյտենանտ, այս ի՞նչ է քո ստորաբաժանումում կատարվում, հը՞։ Զորամասի վիճակագրությունն ես փչացնում, վերևներում գլուխներս չեն շոյի։ Դու ի՞նչ հրամանատար ես, ավագ լեյտենանտ, որ զինվորին չես կարողանում ենթարկել։ Գնա հրամանատարություն արա ու գլուխս քո թղթերով մի արդուկիր»։ Լավ է, եթե զորամասի հրամանատարը հասկանում է իրավախախտների համար պատժելու անհրաժեշտությունն ու աջակցում է կրտսեր սպաներին, բայց, ցավոք, դեպքերի զգալի մասում այդպես չէ։

Զինվորին ուղարկել կարգապահական գումարտակ խնդրահարույց է նույն պատճառներով. ստորաբաժանման անունը արատավորել չցանկանալը, քանի որ դա կարող ազդել կարիերայի և հրամանատարական կազմի աշխատավարձի վրա։

Միգուցե օրինազանցին արտահերթ վերակա՞րգ (наряд) նշանակել

Եթե այդ մեթոդը գործում էր խորհրդային տարիներին, ապա հիմա այն անօգուտ է։ Նախ՝ հակահասարակական վարքագծով զինվորը կարող է ուղղակի հրաժարվել վերակարգի գնալուց։ Որպեսզի նրան պատժեն [հրամանը կատարել] հրաժարվելու համար, պետք է կալանատուն ուղարկեն։ Իսկ այնտեղ ուղարկել հնարավոր է միայն դատարանի համար փաստաթղթեր հավաքելուց հետո։ Փաստաթղթերը հնարավոր կլինի հավաքել, եթե վերադաս հրամանատարները չվախենան իրավախախտումների վիճակագրությունը «փչացնելուց»։

Երկրորդ՝ հերթափոխների քանակը ներկա պահին նվազել է, քանի որ զորամասերի մեծ մասի սպասարկումն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից, համապատասխանաբար, օրինակ՝ այլևս չես կարող ուղարկել զինվորին ճաշարան աման լվանալու։

Երրորդ՝ վերակարգի կանգնող զինվորներին զննում է բժիշկը։ Հերթափոխի կանգնել չցանկացող զինվորն ուղղակի կարող է ասել, որ իրեն լավ չի զգում, ու «հիվանդին» միանգամից կհանեն վերակարգից։

Չորրորդ՝ այլևս չի թույլատրվում զինվորին արտահերթ (օրինակ` երկու օր անընդմեջ վաշտի օրապահ) հերթափոխի նշանակել։ Զինվորը մեկ էլ ու կարող է բողոքել դատախազություն կամ զինվորների մայրերի կոմիտե, որ իրեն չլում են վերակարգերով, հանգստանալ չեն թողնում։ Սկանդալների պակաս հետո չես ունենա ու կկոտորվես բացատրագրեր գրելով, որ դու հրեշ չես, այլ զինվորն է վատ կատարում իր ծառայությունը։

Միգուցե ավանդական քիթումռութին հասցնե՞լը լուծի խնդիրները

Ո´չ, այդպես այլևս անհնարին է, քանի որ վերջին մի քանի տարվա ընթացքում բավականին ակտիվացել է զինդատախազության աշխատանքը ոչ կանոնադրային հարաբերությունները բացառելու ուղղությամբ, սպաներն ու սերժանտները հազվադեպ և շատ զգույշ են «ձեռքերին ազատություն» տալիս, քանի որ ոչ ոք չի ցանկանում բանտում հայտնվել կամ էլ ազատվել աշխատանքից։ Ընդհանուր առմամբ, այժմ ծեծելը հնարավոր է միայն զինվորի ժխտողականության հաշվին. զինվորները տարբեր պատճառներով զինդատախազությանը տեղյակ չեն պահում ծեծի մասին։ Ծեծի միջոցով կարգապահության հարց լուծել արդեն չի լինի։

Իսկ ինչպե՞ս է ապահովվում կարգապահությունն այս փոփոխություններից հետո

Կարգապահությունը պահվում է բացառապես հրամանատարների բարոյական և կամային հատկություններով։ Եթե հրամանատարը ի վիճակի է բարոյապես ճնշելու ենթակային և ստիպելու նրան կատարել հրամանը, ապա նրա ստորաբաժանումում հարաբերական կարգապահություն կտիրի։ Սակայն ոչ բոլոր հրամանատարներն այդպիսի բարոյա-կամային հատկություններ ունեն ինչպես օբյեկտիվ պատճառներով (յուրաքանչյուր ոք ունի իրեն հատուկ բնավորության գծեր), այնպես էլ` սուբյեկտիվ (ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարեցտարի զինվորական ծառայության հեղինակությունն ընկնում է, ինչի հետևանքով էլ սպայական անձնակազմում մարդիկ են հայտնվել, ում կարծիքով զինվորական ծառայությունն անցողիկ երևույթ է, և նրանց վերաբերմունքն էլ ծառայությանը համապատասխան է)։

Կարգապահական պատժամիջոցները, ինչպիսին է, օրինակ՝ ձերբակալությունը, ինչպես ասացի վերևում, մեծ խնդիրներ են առաջացնում։ Ծեծելը վտանգավոր է դարձել։ Թույլ պատիժ է հանգստյան օրերին արձակման թերթիկ չտրամադրելը, բայց չեմ տեսել այդ մեթոդի որևէ արդյունավեր ազդեցություն։

Պատժամիջոցներից մնացել են միայն նկատողությունները, որոնք առաջվա պես քիչ են անհանգստացնում ժամկետային զինծառայողներին, կամ էլ հրամանատարների կողմից տուն կամ բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին նամակ ուղարկելը, որն էլ ավելի ու ավելի քիչ կշիռ ունի։

Կարգապահությունը պահպանվում է միայն հրամանատարների բարոյա-կամային հատկանիշների և այն բանի շնորհիվ, որ մեկ տարում զինվորները չեն հասցնում այնքան «կայանալ», որ բանի տեղ չդնեն հրամանատարի հրամանը [Ռուսաստանում պարտադիր բանակային ծառայությունը մեկ տարի է, Մ.Մ.

Իսկ այ հակասոցիալական վարք և ուժեղ կամք ունեցող զինվորներն անընդհատ փորձում են օգտվել պատժամիջոցների համակարգի այս թերություններից և սաբոտաժի են ենթարկում իրենց տրված հրամանները` դրանց կատարումը գցելով ավելի կարգապահ զինվորների ուսերին։ Չէ՞ որ պատժվելու իրական վտանգն այնքան էլ մեծ չէ։

Հարցի լուծումն ակնհայտ է. ջարդել «կեղտոտ սպիտակեղենը տնից չհանելու» հին սկզբունքը։ Դադարեցնել պատժել հրամանատարներին իրավախախտումների փաստերը բացահայտելու համար, այլ հակառակը` խրախուսել։ Պատժել պետք է միայն հանցագործությունները թաքցնելու կամ կարգապահական զանցանքի համար։

Սկզբնաղբյուր. Дисциплина и дисциплинарные наказания в армии։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *