Թեհրանն ու Մոսկվան կարող են առաջիկայում պայմանագիր ստորագրել Իրանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ Նման հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերին նախարար Ալի Աքբեր Սալեհին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Իրանցի դիվանագետը նշել է, որ իրենք ռուսական կողմի հետ արդեն խորհրդատվական հանդիպումներ են ունեցել, որի ժամանակ էլ նախնական համաձայնության են եկել։
Պետք է նշել, որ Սալեհին չի ներկայացրել հնարավոր պայմանագրի մանրամասները, ինչպես նաև դրա կնքման ժամկետները։
Ռուսաստանյան կողմը ևս դեռ չի մեկնաբանել Իրանի արտգործնախարարի այս հայտարարությունը։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է զարգացնել խաղաղ միջուկի ծրագրերը և նախատեսում է նոր ԱԷԿ-ներ կառուցել։ Ռուհանին նաև հավելել է, որ այս հարցում իրենք հույս ունեն շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ։
Նշենք, որ Ռուսաստանի մասնակցությամբ Իրանը ստեղծել է իր առաջին ատոմակայանը Բուշեհրում։
Բուշեհրի ԱԷՍ-ի կառուցումը սկսվել էր 1975 թվականին։ Նախագծի իրականացմամբ այդ ժամանակ զբաղվում էին Արևմտյան Գերմանիայի մասնագետները, սակայն 1979 թվականի հեղաշրջման հետևանքով շինարարությունը դադարեցվել էր։ Այն վերսկսել է 1995 թվականին, իսկ ԱԷԿ կառուցման աշխատանքներով զբաղվում է Ռուսաստանը։
Հիմնական աշխատանքներն ավարտվել էին դեռևս 2010 թվականին։ Սպասվում է, որ Բուշեհրի ատոմակայանը վերջնականապես պատրաստ կլինի 2013 թվականի սեպտեմբերին։
Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի պատճառով վերջին տարիներին Արևմուտքն այդ պետության դեմ պատժամիջոցներ է կիրառում։ ԱՄՆ-ն և Եվրամիությունը մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հավաստիացնում է, որ նախատեսում է ատոմային էներգիան խաղաղ նպատակների համար կիրառել։