ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը նորություն չունի հայ գերուց

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ներկայացուցիչները կապվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի մասնաճյուղի հետ։

Լրագրողները փորձել են պարզել՝ արդյոք ԿԽՄԿ-ն այցելել է օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմում գերի ընկած Հակոբ Ինջագուլյանին։

ԿԽՄԿ-ից տեղեկացրել են, որ «այցելություն դեռևս չեն կատարել»՝ հստակ չնշելով, թե երբ են պատրաստվում այցելել ՀՀ ԶՈւ զինծառայողին։ ԿԽՄԿ-ից չեն հայտնել նաև, թե ինչ տեղեկություն ունեն հայ գերու ինքնազգացողության մասին և արդյոք վերջինս «ցանկանում է մնալ Ադրբեջանում, վերադառնալ Հայաստան կամ անցնել երրորդ երկիր»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան։

Բացի այդ, Ռազմինֆոյի հետ զրույցում օգոստոսի 9-ին երևանյան գրասենյակից հայտնեցին, որ դեռևս ոչ մի լուր չունեն։ Այն հարցին, թե երբ կլինի նորություն, Կարմիր Խաչի աշխատակիցը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթվա ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *