ՌԴ-ն ԱՄՆ-ին հրավիրել է մասնակցել տանկային բիաթլոնին

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտպանության նախարարներն օգոստոսի 9-ին հանդիպում են ունեցել Վաշինգթոնում։

Հանդիպումը կայացել է 2+2» ձևաչափով, որին ամերիկյան կողմից մասնակցել է երկրի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ու պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ռուսական կողմը ներկայացրել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի, Եգիպտոսի, Աֆղանստանի, Իրանի հետ կապված հարցեր, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։ Հատուկ անդրադարձ է եղել նաև ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված զարգացումներին, ում Ռուսաստանը ժամանակավոր ապաստան է տվել։

ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուն հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուսական կողմն առաջարկել է ամերիկացիներին մասնակցել ՌԴ տարածքում կայանալիք տանկային բիաթլոնին։ Միջազգային տանկային մրցույթը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարի Ռուսաստանում։

Ըստ Շոյգուի՝ ԱՄՆ-ն համաձայնել է մասնակցել տանկային բիաթլոնին, որին ամերիկացիները ներկայանալու են սեփական տանկերով։

Նշենք, որ Հայաստանը նախատեսում է մասնակցել այս տարվա օգոստոսին ՌԴ-ում անցկացվելիք տանկային բիաթլոնին։

Հիշեցնենք, որ ռուսական բանակում հաճախ կազմակերպվող «տանկային բիաթլոն» ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։

One response to “ՌԴ-ն ԱՄՆ-ին հրավիրել է մասնակցել տանկային բիաթլոնին

  1. Pingback: Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *