Ֆիզիկական պատրաստվածությունը բանակում մեծ դեր ունի. Ռոբերտ Մարկոսյան

Ռազմինֆոն արդեն զորացրված երիտասարդների հետ անցկացրած մի քանի հարցազրույց է հրապարակել։ Հարցազրույցի ընթացքում փորձում ենք պարզել, թե ինչպես է անցել բանակային երկու տարին զինվորի կյանքում։ Ինչ տպավորություններով է նա քաղաքացիական կյանք վերադարձել։ Այսօրվա մեր զրուցակիցը Ռոբերտ Մարկոսյանն է։ Նա ծառայել է ՀՀ զինված ուժերում 2011-13 թվականներին։

Ինչպիսի՞ կարծիք ունեիք զինվորական ծառայության մասին մինչ բանակ զորակոչվելը։

Շատ էի լսել տարիքով մեծ եղբայրներիցս ու ընկերներիցս ծառայության մասին, սակայն ինչպես ասում են, «ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան յոթ անգամ լսել»։ Կարծիքս շատ չեզոք էր, քանի որ մի կողմից բանակն անհրաժեշտ նախապայման է մեր խաղաղությունն ու անկախությունը պահպանելու համար, մյուս կողմից էլ երկու տարին շատ երկար ժամկետ էր թվում այն ժամանակ։

Երբ բանակ զորակոչվելու ծանութագիրը վերցրիք, ի՞նչ էիք զգում։

Ծանուցագիրը դեռ 2011 թվականի մարտին էին տվել՝ հունիսի 10-ով: Սակայն վստահ էի, որ չեմ մեկնելու ծառայության, որովհետև այդ պահին անցնում էի մագիստրատուրա անվճար։ Միայն հունիսի 5-ին պարզ դարձավ, որ անցնում եմ մագիստրատուրա անվճար, սակայն առանց տարկետման իրավունքի: Ահա այդ պահին էլ հենց ստացա ծանուցագիրը, շատ անկակնկալ կերպով, կարելի է ասել, փաստի առաջ կանգնեցի: Զգացի, որ շատ անավարտ բաներ ունեմ անելու այդ մի քանի օրում: Ու հասկացա, թե ինչքան շատ բան եմ թողնելու։

Եվ ինչպե՞ս հաղթահարեցիք։

Գերազանց: Ուրիշ տարբերակ չունեի էլ (ժպտում է)։

Իսկ ի՞նչ կուզենայիք իմանալ բանակի մասին մինչև ծառայության անցնելը։ Կա՞ր որևէ բան, որ լավ կլիներ նախապես իմացած գնալ։

Կածում եմ՝ այն հիմնական բաները, որոնք անհրաժեշտ էր իմանալ, ես գիտեի ընկերներիս շնորհիվ: Սակայն կարող եմ ասել, որ չհաշված հիմնական դրույթները, չի կարող լինել այնպիսի երկու զորամաս, որտեղ ամեն ինչ միանման լինի: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ ինչ էլ չգիտեի, շատ արագ սովորեցի ու ընտելացա ծառայակից ընկերներիս ու հարազատներիս աջակցությամբ: Հիմա ամեն ինչ ավելի հեշտ է թվում, քան երկու տարի առաջ:

Բանակային առաջին օր: Ինչե՞ր են տպավորվել Ձեր հիշողության մեջ։

Անորոշությունը: Ո՞ւր եմ ընկել: Որտե՞ղ եմ: Առաջին ցանկությունս՝ առավոտը շուտ գա, որ կարողանամ ընկերներիս հետ տեսնվել, ովքեր արդեն ծառայում էին այդ զորամասում։

Իսկ ամենամեծ խնդիրը Ձեզ համար ծառայության ընթացքում ո՞րն էր։

Դժվար է հիմա դատել: Սկզբնական շրջանում երևի օրվա կարգացուցակին հարմարվելը, ճաշացանկին ընտելանալը: Սակայն ամենամեծ խնդիրը կարոտն էր, որ երբեմն շատ էր խեղդում:

Սնունդն ինչպե՞ս էր։

Իմ երկու զորամասերում էլ գերազանց: Ասեմ, որ բանակի շնորհիվ շատ բաներ սկսեցի ուտել։ (Ժպտում է)

Օրինակ ի՞նչ սկսեցիք ուտել։

Խտացրած կաթ, եփած ձու, կարագ, ջրալի ճաշեր։

Բանակում ի՞նչը կփոխեիք։

Կարծում եմ, որ ներկայումս մեր բանակը շատ ձեռքբերումներ ունի, թեև աշխատելու դեռ շատ տեղ կա, ու կարող եմ ասել, որ աշխատանք տարվում է բավական ծավալուն, սակայն ես ավելի շատ շեշտը կդնեի սպաների գրագիտության՝ օտար լեզուների ու առհասարակ ինտելեկտուալ մակարդակի բարձրացման վրա: Առհասարակ, ժամանակ առ ժամանակ կբարձրացնեյի պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը: Ժամկետային զինծառայողներին ընտանիքների հետ շփվելու ավելի մեծ հնարավորություն կտայի: Այնպես կանեի, որ ավելի բարձրացվեր ժամկետայինների ինտելեկտուալ մակարդակն այդ երկու տարվա ընթացքում: Բջջային մեկ օպերատորի փոխարեն գոնե լինեին երկուսը, քանի որ միայն մեկի առկայությունը բավական բարդություններ է ստեղծում սոցիալապես անապահով ընտանիքների զինծառայողների համար:

Բանակաին կյանքից ի՞նչ եք բերել Ձեզ հետ քաղաքացիական կյանք։

Գիտելիքներ ռազմական ոլորտից: Տպավորություններ 40 կարդացած գրքերից: Երկու կրծքանշան, բազմաթիվ այլ խարխուսանքներ: Լավ ընկերներ ու շատ-շատ լավ հիիշողություններ:

Եթե հնարավորություն լիներ բանակում չծառայելու, կօգտվեի՞ք։

Եթե գիտության համար լիներ կամ այնպիսի բնագավառի, որտեղ լինելով ես ավելի շատ օգուտ կբերեի իմ երկրին, հնարավոր է: Այլ պարագայում՝ երբեք:

Մարդկանց մի մասւ բանակային 2 տարին անիմաստ է լհամարում, իսկ Ձե՞զ համար։

Ոչ, ես ինձ համար հետաքրքրություններ էի ստեղծում, որպեսզի անօգուտ չանցնեն բոլոր ժամերն ու րոպեները:

Ի՞նչ դեր ունի ֆիզիկական պատրաստվածությունը բանակում։

Ֆիզիկական պատրաստվածությունը բավական մեծ դեր է խաղում, քանի որ ժամանակ առ ժամանակ հարկ է լինում ցուցադրել և օգտագործել ֆիզիկական կոփվածությունը: Չեմ կարող ասել, որ ծառայության սկզբում բոլոր նորակոչիկները պատրաստ են նման դժվարություններ հաղթահարելուն, սակայն ծառայության ընթացքում հնարավորություն է տրվում կատարելագործելու ֆիզիկական հատկանիշները, կոփել մարմինը: Անձամբ ես, երբ նայում եմ ծառայության սկզբում ունեցած ցուցանիշներս և վերջում, ակնհայտ առաջընթաց եմ տեսնում: Բացի այդ, առաջընթաց ունենալու գործում շատ կարևոր ներդրում ունեն ծառայակիցները, ինչպես նաև վերադաս հրամկազմը, քանի որ նրանք մշտապես պետք է աջակցեն, ոգևորեն իրենց զինվորներին ավելի լավ արդյունքներ հասնելու համար։

Ինչպե՞ս եք վերաբերում աղջիկների ծառայությանը։

Եթե խոսքը գնում է պարտադիր հիմունքով զինվորական ծառայության մասին, ապա երբեք չեմ համակերպվի նման մտքի հետ, սակայն եթե իրենց ցանկությամբ ծառայել ցանկացողներ լինեն, այդ պարագայում դեմ չեմ: Կարծում եմ, որ մենք հիմա այնպիսի պայմաններ չունենք, որպեսզի կարողանանք ապահովել աղջիկների ողջ նիստ ու կացը: Քանի կան հայ տղաները, հայ աղջիկները պետք է զբաղվեն իրենց բուն գործերով։ (Ժպտում է)

Հետբանակային ադապտացիան ինչպե՞ս հաղթահարեցիք։ Արդյո՞ք դժվար էր նորից քաղաքացիական կյանք մտնելը։

Մի քիչ դժվար էր քաղաքին հարմարվել, որտեղ արագ կյանք է ընթանում , ու չգիտես, թե հաջորդ պահին ինչ է լինելու, բանակի պես ամեն ինչ ծրագրված չէ: Բայց կարծում եմ՝ շատ արագ հաղթահարեցի այդ շրջանը։ Մի քանի օր տևեց։

Իսկ Ձեզ որպես պայմանագրային զինծառայող չե՞ք պատկերացրել։

Մեր սպաներն առաջարկել են մնալ, որպես սպա շարունակել ծառայությունս, սակայն սպայի կարիերա սկսելու համար կարծում եմ՝ հիմա մի քիչ ուշ է արդեն։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *