Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 4-10

Ադրբեջանը հաստատում է, որ սպանվածներ ունի: Աղդամում հրդեհներ չկան: ՌԴ քաղաքացին ձերբակալվել է ռուս-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանում նոր ցույցի կոչ են անում: Կադրային փոփոխություն: Արբանյակի կայանի կառուցում: Բե-200-ը թերություններ ունի: Սաֆար Աբիևը՝ ԱՄՆ-ում:

1. Օգոստոսի 8-ին Ադրբեջանի ՊՆ խոսնակ գնդապետ Էլդար Սաբիրօղլուն հաստատել է շփման գծում իրավիճակի սրման պատճառով ադրբեջանական կողմի զոհերի մասին լուրը: Խոսնակը չի հստակեցնում կորուստների թիվը, միայն ասում է «երկկողմանի կորուստների ու վիրավորների մասին»։

2.Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը գրել է, որ Աղդամի (Ակնա) շրջանի՝ առաջնագծին մոտ հատվածներում իբր «հայերը հրդեհել են, հրդեհը տարածվում է»։ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքում է այս տեղեկությունը:

3.Ադրբեջանի Սահմանապահ պետական ծառայությունից հայտնում են, որ 2013-ի հուլիսի 30-ին Հուսարի շրջանի Յուհարի Զեյհուրոբա գյուղին կից սահմանային հսկողության կայանում Ադրբեջանի սահմանապահները ձերբակալել են ռուս-ադրբեջանական սահմանն ապօրինի հատած Ահմեդով Ռամիզ Թաիր օղլուին:

4.Հուլիսի 31-ին Ֆեյսբուքում ավելի քան 90 հազար անդամ ունեցող ադրբեջանական խմբերում ստորագրահավաք են նախաձեռնել՝ ի նշան բանակում ոչ մարտական զոհերի բազմամարդ ցույցի մասնակից ակտիվիստների ձերբակալման դեմ բողոքի: Մի շարք ակտիվ ադրբեջանական էջեր կոչ էին արել ուշադրություն դարձնել սպանված զինվորների դեպքերին և կազմակերպել ևս մեկ ցույց: Ադրբեջանցի օգտատերերի էջերում հայտնվել է Յասամալի շրջանի քաղաքներից մեկի բակում՝ ցանկապատին արված գրությունը, որտեղ ասվում է. «2013-60 սպանված զինվոր». սա Ադրբեջանում այս տարի գրանցված բանակային զոհերի թիվն է:

5. Օգոստոսի 6-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջեմալն ընդունել էՌԴ հրթիռային սպառազինության կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնասովի գլխավորած ՌԴ պատվիրակությանը:

6.Օրերս ադրբեջանական սոցցանցային խմբերը նյութեր ու լուսանկարներ էին տարածում Army Market սուպերմարկետից՝ կոչ անելով բոյկոտել այն։ Օրեր առաջ սուպերմարկետի սեփականատերերի հրահանգով Բալաջիրի գյուղի իրենց խանութի պատին փակցվել է իբր խանութից հաց գողանալ ցանկացող տարեց կնոջ լուսանկարը։ Army Market-ի խանութներից մեկի տնօրենն Արցախյան պատերազմի վետերան Սեիդ Միրհասիմովն է, իսկ մշտական հաճախորդներից՝ ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած, Ադրբեջանում ազգային հերոս հռչակված Ռամիլ Սաֆարովը:

7.Օգոստոսի 6-ից Ադրբեջանի ՊՆ պաշտոնաթերթ «Azərbaycan Ordusu» («Ադրբեջանական բանակ») թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը Իսա Իսմայիլովի փոխարեն զբաղեցնում է Իբրահիմ Ռուսթամովը: Ադրբեջանի ՊՆ «Hərbi bilik» («Բանակային գիտելիք») ամսագրի գլխավոր խմբագիր Իբրահիմ Իսքենդերովն ազատվել է պաշտոնից:

8.Մինչև 2013-ի վերջ Ադրբեջանում մեկնարկելու են «Azerkosmos» ԲԲԸ-ի համար ստորգետնյա կայանի կառուցման աշխատանքները։

9.Օգոստոսի 7-ին «Ռուսօբորոնէքսպորտը» հայտարարել է, որ պատրաստ է հավանական գնորդներին տրամադրել Բե-200 հիդրոինքնաթիռի սպառազինված տարբերակը՝ չնայած որ 2012-ին ՌԴ ՊՆ-ն հրաժարվել էր հիդրոինքնաթիռների սպառազինման ու դրանք՝ ռազմական ինքնաթիռների վերափոխման մտադրությունից։ Բե-200 հիդրոինքնաթիռներն իրականում քիչ գնորդ ունեն։ Ներկայաում դրանք կիրառում է ՌԴ ԱԻՆ-ը, իսկ 1 օրինակ էլ՝ հրդեհ մարող տարբերակով, վաճառվել է Ադրբեջանի ԱԻՆ-ին։ Ինքնաթիռը պահանջարկ չունի. բացի Ադրբեջանից, այն մինչ այժմ 6 օրինակով պատվիրել է միայն ՌԴ ՊՆ-ն։ Ինքնաթիռը հրդեհը մարում է ավելի երկար ժամանակում, քան շատ այլ հիդրոինքնաթիռներ։

10.Վաշինգթոնում կայացել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հանդիպումը։ Աբիևն այցելել է Արլինգթոնի ռազմական գերեզմանատուն, որտեղ ծաղիկ է դրել ամերիկացի զինծառայողների գերեզմաններին, ապա այցելել է Պենտագոն։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *