Հայրս կտրականապես դեմ էր, որ իր զավակները խուսափեն ծառայությունից. Գագիկ Ավետիսյան

Ռազմինֆոն շարունակում է ներկայացնել հարցազրույցներ զորացրված երիտասարդների հետ։ Այսօրվա մեր զրուցակիցը երևանցի Գագիկ Ավետիսյանն է։ Նա ծառայել է ՀՀ Զինված ուժերում 2009-2011 թվականներին։

Բանակում Ձեզ հանդիպած ամենամեծ դժվարությունը կնշե՞ք։

Բանակում թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրներ շատ են լինում, բայց միևնույն ժամանակ, երբ գիտակցում ես, որ պաշտպանում ես քեզ համար թանկ ու հարազատ մարդկաց անդորրը, այդ միտքը ստիպում է, որ հաղթահարես ցանկացած տեսակի դժվարություն: Բանակում ինձ համար ամենամեծ դժվարությունն եղել է կարոտը, ինչպես և բոլորի մոտ: Ֆիզիկական բոլոր դժվարությունները հաղթահարելի էին, իսկ կարոտը երբեմն կոտրում էր ոգիդ։

Ի՞նչ էիք զգում, երբ ստացաք բանակ զորակոչվելու ուղեգիրը։

Երբ ստացա բանակ զորակոչվելու ուղեգիրը, վախի զգացում կար մեջս, բայց ոչ թե բանակի հանդեպ, այլ սիրածս անձնավորթյանը կորցնելու: Ես պատանեկությանս շրջանում առնչություն ունեցել էի բանակի հետ ու որոշակիորեն գիտեի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կառույցը: Հարազատ եղբայրս, որ ինձանից տարիքով ավելի մեծ էր, արդեն զորացրվել էր ու մշտապես ինձ խորհուրդներ էր տալիս, որ ծառայությունը անհրաժեշտ է ու շատ մեծ նշանակություն ունի մարդու կյանքում: Ես անհամաբերությաբ էի սպասում զորակոչվելուս, ուզում էի ինքս ապրել բանակային կյանքով: Կարելի է ասել՝ իմ մեջ բանակի հանդեպ վախը կոտրել է եղբայրս, թեև իմ մեջ այդքան էլ մեծ չի եղել վախի զգացումը և երբեք չեմ մտածել բանակից խուսափելու մասին:

Ընտանիքում ինչպե՞ս ընդունեցին լուրը։

Ընտանիքս ընդունեց ավելի հանգիստ, քան եղբորս զորակոչման լուրը: Ծնողներս արդեն նման փորձ ունեին, ու նրանք հայրենիքի հանդեպ իրենց սերը արտահայտեցին երկու արու զավակներին Հայոց բանակ ուղարկելով։ Հնարավորությունները մեծ էին բանակից ազատելու, բայց հայրս կտրականապես դեմ էր, որ իր զավակները խուսափեն ժամկետային զինծառայությունից: Այսօր ծնողներս հպարտությամբ են գլուխները վեր բարձրացնում, որ ժամանակին իրենց զավակները հսկել են Հայաստանի սահմանները։

Կհիշե՞ք զինվորական առաջին օրը։

Այսօրվա պես հիշում եմ: Անհասկանալի շփոթմունք էր, լարված հոգեվիճակ, սպասումներ և միևնույն ժամանակ անորոշություն: Շուրջ բոլորդ անծանոթ մարդիկ, փակ տարածություն և բոլորը նույն հագուստով, բանակային անծանոթ բարքեր, որը թվում էր՝ 2 տարվա ընթացքում այդպես էլ անընկալելի կմնա, բայց արի ու տես, որ այդ ամենը մի քանի հաշված օրերի ընթացքում դառնալու էր հոգեհարազատ ապրելակերպ, դառնալու էր կյանք, իսկ այսօր՝ հիշողություն:

Ինչի՞ն այդպես էլ չհարմարվեցիք։

Ես այդպես էլ չկարողացա հարմարվել հրամանատարների՝ երբեմն անխղճորեն զինվորին վերաբերվելու կոպիտ գործողություններին։ Քաջ գիտակցում էի, որ հրամանատարը պետք է պահպանի խստություն։ Ինքս, լինելով ջոկի հրամանատար, կրում էի պատասխանատվություն իմ ենթակայության տակ գտնվող զինվորների հանդեպ, բայց մշտապես փորձել եմ հասկանալ նրանց բարոյահոգեբանական վիճակն ու յուրաքանչյուր զինվորի նայել եմ որպես ինձ նման հայրենիքի պաշտպան և ոչ երբեք հրամանատար և ենթակա:

Բանակային կարգուկանոնից Ձեր կենցաղում ո՞րն է տեղ գտել:

Ավելի ուշադիր լինելը դիմացինիս հանդեպ: Կարծում եմ՝ դա հրամանատար լինելու արդյունքն է. չէ՞ որ քեզ վրա պատասխանատվություն է ընկնում, և դու պարտավոր ես հետևողական լինել քո ենթակայության տակ գտնվող զինվորի յուրաքանչյուր քայլի համար: Այդ զինվորի կարգապահության և անվերապահորեն ծառայության համար առաջնային շնորհակալություն են հայտնում քեզ, և նաև ճիշտ հակառակը, նրա սխալների և վրիպումների համար կրկին առաջնային քեզ են պատասխանատվության ենթարկում: Մի որոշ չափով իմ կենցաղ մտավ ինքնուրույն ապրելը և կյանքում հանդիպող դժվարություններին ավելի խելացիորեն և համբերատար մոտենալը:

Բանակում ի՞նչը կուզեիք վերանար։

Հայկական բանակը կազմավորվեց ամենադժվարին ժամանակաշրջանում։ Հայկական բանակի կազմավորման առաջին իսկ տարիներին շատ ավելի դժվարին և ծանր պայմաններում էր հայ զինվորը պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում։ Այսօր, փառք Աստծո, շատ ավելի բարեկեցիկ պայմաններ են ստեղծվել։ Ճիշտ է, եթե ասենք Հայկական բանակն ամբողջովին իդեալական է, սուտ կլինի, բայց և չպետք է տեղի և անտեղի դժգոհել: Իսկ ես ուղղակի ցանկանում եմ, որ բոլոր հայորդիները իրենց ծառայությունն անցկացնեն հավասար պայմաններում: Ուզում եմ, որ վերանա տիրող անարդարությունը… Այ օրինակ բերեմ՝ ժամկետային արձակուրդները: Մի զինվորրը 2 տարվա ընթացքում մի քանի անգամ է գնում արձակուրդ, իսկ մյուսը՝ մեկ անգամ, այն էլ երկար սպասումից հետո:

Ի՞նչ տեղ ունի ֆիզիկական պատրաստվածությունը բանակում։

Կարծում եմ՝ պետք է մինչ բանակ գնալը որոշակիորեն, ֆիզիկապես զինվորը կոփված լինի, նա այնտեղ անցկացվող ֆիզիկական պատրատությանը ավելի ակտիվորեն կմասնակցի և նաև ավելի շուտ աչքի կընկնի իր ֆիզիկական հմտություններով: Ինչպես նաև շատ կարևոր է բանակում անցկացվող ֆիզիկական պատրաստությունը։ Այն նախ և առաջ առողջության համար է անհրաժեշտ և հետո ճկունության: Միայն թե պետք է ամեն օր զբաղվել դրանով։

Իսկ բանակում ի՞նչ մակարդակի վրա է ֆիզդաստիարակությունը։

Ընդհանուր առմամբ կոփվելու համար ճշգրիտ վարժություններ են ընտրված, միայն մնում է հրամանատարությունը հետևողական լինի, որպեսզի զորքը լիարժեք անցկացնի ֆիզպատրաստության դասերը: Կարծում եմ՝ այսօր մի փոքր այդ խնդիրը կա, հետևողականությունը մի քիչ պետք է մեծացնել:

Ի՞նչ կարծիք ունեք աղջիկների զինծառայության մասին։

Մշտապես դեմ եմ եղել, որպեսզի աղջիկները ևս անցնեն ժամկետային զինծառայության: Բանակը կոպտություն է մտցնում մարդու մեջ: Շատ ավելի ցանկալի է, որ հայ աղջիկները, ինչպես նաև կանայք հավատարիմ մնան հայ կնոջ, աղջկա տեսակին և դաստիարակեն արժանի զավակներ։ Իսկ մեր սահմանները հայ տղաները կպաշտպանեն։

Բանակում ազատ ժամանակ ինչո՞վ էիք զբաղվում։

Հիմնականում գիրք էի ընթերցում, թերթերց տեղեկատվություն էի ստանում։ Տեղեկատվության պակաս կար, ամեն կերպ փորձում էի իմանալ Երևանում կատարվողի մասին: Երաժշտություն էի լսում և այս ամենի հետ մեկտեղ հետևում էի վաշտում տիրող կարգ ու կանոնին, անգամ ազատ ժամանակ ես անտարբերության չէի մատնում իմ վաշտը: Նաև պատի թերթերի ստեղծմամբ էի զբաղվում:

Ի՞նչ եք կարծում ՝բանակը ինչ դեր ունի տղայի կյանքում։

Ամեն մարդու կյանքում յուրովի է բանակն իր ազդեցությունը թողնում: Ընդհանուր առմամբ, բանակը 2 տարվա մեջ մի ամբողջ կյանք է ամփոփում, և այդ կյանքը մեծագույն ուսուցիչն է մարդու: Ցավոք, այսօրվա սերունդը այնքան էլ կարևորություն չի տալիս բանակ, հայոց պաշտպան հասկացողություններին, ինչը մեծագույն վտանգի առաջ է կանգնեցնում մեր վաղվա լինել-չլինելու հարցը: Իմ կարծիքով բանակը տղայի կյանքում ամենամեծ ուսուցիչն է։

Եթե հիմա խորհուրդ տաք երիտասարդներին, ապա ո՞րը կլինի Ձեր ամենակարևոր խորհուրդը։

Մշտապես ասել եմ և հիմա նորից նույնը կասեմ՝ եղեք միասնական: Գարեգին Նժդեհն ասում էր. «Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»։ Ես այսօր նայում եմ իմ ազգի երիտասարդությանն ու մտածում եմ՝ որքան լուսավոր ապագա կարող են նրանք ունենալ իրենց իսկ հայրենի հողում: Արտագաղթելով, երկիրը լքելով, ծառայությունից խուսափելով, օտարին ձգտելով՝ մեր հողը չենք բերրիացնի, մեր տունը չենք շենացնի: Մի ազգ, որ մոխիրներից վեր է հառնել , այսօր չի կարող նորից մոխիր դառնալ: Մեր բոլորի սրբազան նպատակը մեկը պետք է լինի՝ ցանկացած գնով պահպանել հայրենիքը ու հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողակտորը:

Ինքներդ կրտսեր հրամանատար եք եղել, կասեք, թե ո՞րն է հրաման կատարելու բարդությունը։

Կարծում եմ՝ առաջինը հրամանատարի կողմից զինվորին հրաման տալու տոնայնությունը և երկրորդը զինվորների բարոյահոգեբանական վիճակը: Նրանց միտքը ծառայության ընթացքում խառնաշփոթ վիճակում է, պետք է հրամանատարը այնքան հմտություն ունենա, որ կարողանա հասկանալ զինվորին։ Անձամբ ես այն կարծիքին եմ, որ հրամանատարները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի զինվորը երկու տարի դուրս գա քաղաքացիական կյանքի ապրելակերպից և ծառայի բանակային կանոնակարգով:

Ձեզ պատկերացրե՞լ եք որպես պայմանագրային զինծառայող։

Իհարկե: Անգամ առաջարկ եմ ստացել վերադաս հրամանատարությանս կողմից, սակայն մերժել եմ: Սիրել եմ բանակի առօրյան, բայց ինձ սպասում էր այլ գործ, որը պետք է իրագործեմ, իսկ բանակում մնալով՝ դա անհնար կլիներ:

Հետբանակային ադապտացիան ինչպե՞ս տրվեց Ձեզ։ Նորից քաղաքացիական կյանք մտնելու համար խնդիրներ ունեցա՞ք։

Եթե անկեղծ՝ բավականին դժվար: Արդեն ամբողջովին ապրում էի բանակի բարքերով, քաղաքացիական կյանքը խորթ էր թվում մի տեսակ, բայց այդ ամենը տևեց մի քանի օր: Ուղղակի սկզբնական շրջանում շատ էի կարոտում ընկերներիս, անցկացրածս օրերը, այսօր դրանք գեղեցիկ հուշեր են, անգամ բանակում ունեցածս վատ օրերը ժպիտով եմ հիշում:

Բանակային սնունդից գո՞հ էիք։

Ես ծառայել եմ երկու զորամասերում: Երկու զորամասերի ճաշարանում էլ, իրոք, կարելի է ասել՝ համեղ էին կերակրում: Ճիշտ է՝ տան պատրաստածի համը չուներ, բայց այնուամենայնիվ, ստիպված չես ուտում այն սնունդը, որը բանակն է հատկացնում: Ամեն դեպքում, ես բանակ զորակոչվելուս առաջին իսկ օրվանից կերել եմ բանակային ուտեստները և միայն կարող եմ դրականը խոսել բանակի ճաշարանի մասին:

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

4 responses to “Հայրս կտրականապես դեմ էր, որ իր զավակները խուսափեն ծառայությունից. Գագիկ Ավետիսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *