Աֆղանստանում թալիբների դիակների նկատմամբ անարգանքի գործով անցնող Միացյալ Նահանգների ծովային հետևակի ութ զինծառայողներից վերջինը՝ սերժանտ Ռոբերտ Ռիչարդսը, կրել է իր պատիժը։
Պատիժը եղել է զինվորական կոչումն իջեցնելու տեսքով. Ռիչարդսը սերժանտից դարձել է կապրալ։
Հյուսիսային Կարոլինայում կայացած դատավարության ժամանակ վերջինս խոստովանել է իր մեղքը՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի և հրամանը չկատարելու հարցում։
Մեղադրող կողմի տվյալներով՝ հենց Ռիչարդսն է եղել սկանդալին վիդեոնկարահանման օպերատորը։
Հիշեցնենք, որ այս գործում մյուս մեղադրյալներն արդեն կրել են պատիժ։ Նրանցից սերժանտներ Ջոզեֆ Չապլինն ու Էդվարդ Դեպտոլան դատապարտվել են ազատազրկման։
Հավելենք, որ 2011-ի հուլիսին Աֆղանստանի Հիլմենդ շրջանում այս երեք սերժանտները միզել էին սպանված 3 աֆղանների դիակների վրա։ Տեսանյութը համացանցում էր հայտնվել 2012-ի հունվարի 11-ին՝ մեծ աղմուկ բարձրացնելով։
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն անվանել էր ԱՄՆ զինծառայողների արարքը «անմարդկային», իսկ ԱՄՆ պաշտպանության այն ժամանակվա նախարար Լեոն Պանետտան հրապարակայնորեն ներողություն էր խնդրել՝ խոստանալով ըստ արժանվույն պատժել մեղավորներին։