Սոմալիում զինամթերք տեղափոխող ինքնաթիռը հրդեհվել է

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի տարածքում ռազմական ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել է օդային հաղորդակցությունը։

Համաձայն օդանավակայանի աշխատակիցների ու վկաների՝ ինքնաթիռի վայրէջքից հետո պայթյուններ էին լսվել, ապա այն բոցավառվել էր։

Ընդ որում, «Ռոյթերս» գործակալությունը գրում է, որ վայրէջք կատարելիս որևէ խոչընդոտներ ու անսարքություններ չեն եղել, իսկ AFP-ն հաղորդում է՝ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել։

Բացի այդ, ըստ նույն աղբյուրի՝ ինքնաթիռի ներսում եղել է 6 հոգուց բաղկացած անձնակազմ, նրանց մասին դեռևս տեղեկություններ չեն հայտնում։ Life News պարբերականը վկայում է, որ 4 հոգին զոհվել են, 2-ը վիրավոր են։

Հայտնի չէ նաև հրդեհի պատճառը։

«Ալ Ջազիրա» գործակալության փոխանցմամբ՝ ինքնաթիռը պատկանում է Եթովպիայի բանակին և զենք-զինամթերք էր տեղափոխում Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության համար։

Հավելենք, որ Աֆրիկյան միություն միջպետական կազմակերպությունը, որն էլ իրականացնում է խաղաղապահ առաքելությունը, օգտագործում է Մոգադիշոյի օդանավակայանը՝ որպես շտաբային գրասենյակ Սոմալիի իսլամիստների դեմ պայքարելու։ Նախկինում գրանցվել են դեպքեր, երբ զինյալ իսլամիստները հարվածել ու ոչնչացրել են դեպի Մոգադիշո թռչող ինքնաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *