Դեռևս օգոստոսի 7-ին արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) Եմենում՝ զինյալների հավանական կենտրոնացման կետերում, գործողություններ են իրականացնում։
«Ջեյնս» վերլուծական պարբերականը, հղում տալով Եմենի լրատվամիջոցներին, հաղորդում է՝ օգոստոսի 7-ի դրությամբ ԱՄՆ ԱԹՍ-ների՝ Եմենի Շաբվա շրջանում կատարած ավիահարվածների հետևանքով սպանվել է նվազագույնը 7 զինյալ։
Այսօր՝ օգոստոսի 9-ին, BBC-ի ռուսական մասնաճյուղը տեղեկացնում է ամերիկյան անօդաչուների հարվածներից սպանված շուրջ 14 ահաբեկիչների մասին։ Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ 3 հարված է իրականացվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն փակել էին Եմենի տարածքում իրենց դեսպանատներն ու տարհանել աշխատակիցներին՝ «ահաբեկչական գործողության սպառնալիքի մեծ հավանականության» պատճառով։