Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-10

Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորվել են երկու զինծառայող։ Ադրբեջանը գերի է վերցրել հայ զինծառայողի։ ԿԽՄԿ-ն դեռ լուր չունի գերվարված զինվորից: Խաչատուրովը մինչև 2017 թվականը ԳՇՊ կմնա։ Զինվորի մահվան գործով մայոր է ձերբակալվել։Ազատամարտիկների խորհուրդը Վարդենիսում մասնակցեց նստացույցի։ ԶՈւ-ում մեկնարկել է ամառային ուսումնական փուլը։

1. Օգոստոսի 5-ին և դրան հաջորդող մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանը հերթական անգամ Տավուշի հատվածում խախտել է հրադադարի ռեժիմը։ Դրա հետևանքով հայկական կողմն ունի երկու վիրավոր, որոնք գտնվում են Կենտրոնական ռազմական հոսպիտալում՝ բժիշկների հսկողության տակ։ Ռազմինֆոն զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով էլ մեկնաբանել է. «Ինչպես միշտ եղել է, այս անգամ էլ հայկական կողմը դիմելու է ավելի սաստիկ պատժիչ գործողությունների ու այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը հրաժարվի իր սադրիչ մտադրություններից։ Սադրանքների ու կորուստների ողջ պատասխանատվությունն ադրբեջանական կողմի վրա է»։

Հակառակորդի գնդակից վիրավորվել են զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը և պայմանագրային զինծառայող, 1979 թվականին ծնված, վանաձորցի Արմեն Մակարյանը։

2. Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Նույն օրը ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը լուրեր տարածեց, թե իբր «Աղդամի շրջանում 2 հայ զինվոր անցել են շփման գծը, մեկը գերի է ընկել, մյուսը՝ ականի վրա պայթել է»։ Ռազմինֆոն «ականի վրա պայթած հայ զինվորի» տեղեկության առնչությամբ մեկնաբանություն վերցրեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանից։ Վերջինս հերքեց այս լուրը՝ վկայելով, որ սա ապատեղեկատվություն է, և ադրբեջանական կողմում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել է միայն մեկ հայ զինվոր։

3. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը դիմել է Ադրբեջանի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակին` գերի ընկած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի հարցով։ Ռազմինֆոյի հետ զրույցում երևանյան գրասենյակից հայտնել են, որ դեռևս ոչ մի նորություն չունեն։ ԿԽՄԿ-ի աշխատակիցը նշել է նաև, որ գերի ընկած զինվորից նորություն կլինի հաջորդ շաբաթ:

 

4. 2013 թվականի հուլիսի 30-ից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը երկարաձգվել է մինչև 2017 թվականը: Համապատասխան հրամանագիր ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Ըստ Նախագահի պաշտոնական կայքի` հրամանագիրը ստորագրվել է օգոստոսի 5-ին:

5. Հուլիսի 30-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքերում մահացած Արման Հովսեփի Մուրադյանի գործով մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել նույն զորամասի գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Զավենի Ավետիսյանը: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

6. Օգոստոսի 5-ին Ազատամատիկների խորհուրդը միացել է Վարդենիսում նստացույց անող ազատամարտիկներին: Խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը նշեց Ռազմինֆոյի հետ զրույցում, որ իրենց այցի իմաստը մարդկանց տեղեկացնելն է, թե ինչ փուլում են իրենց պահանջները։ «Ուզում ենք հավաքվածներին հավաստիացնել, որ մենք հետևողական ենք, ու հարցերը ուշադրության կենտրոնում են»,-նշեց ազատամարտիկը։ Ըստ Ավետիսյանի` վարչապետի հետ հանդիպումից հետո ինչ-որ բաներ արվում են, բայց դեռ կոնկրետ որոշում թղթի վրա չկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *