Ռուսական հիդրոինքնաթիռը, որից ունի Ադրբեջանը, սպառազինված տարբերակով կվաճառվի

Այսօր՝ օգոստոսի 7-ին, «Ռուսօբորոնէքսպորտը» հայտարարել է, որ պատրաստ է հավանական գնորդներին տրամադրել Բե-200 հիդրոինքնաթիռի սպառազինված տարբերակը։

Բե-200

Բե-200

Վիետնամում փորձարկումներ է անցել Խ-35ՈւԵ հրթիռը, ապա ևս ներկայացվել է հանրությանը։ Հենց այս հրթիռով են փորձելու սպառազինել Բե-200-ը։ Վիետնամական ներկայացուցիչների վկայությամբ՝ ռուսական Բե-200-երի սպառազինված տարբերակով արդեն հետաքրքրված են Ինդոնեզիան, Ալժիրն ու Չիլին։

Հիշեցնենք, որ Բե-200 հիդրոինքնաթիռներն իրականում քիչ գնորդներ ունեն։ Ներկա դրությամբ դրանք կիրառում է ՌԴ ԱԻՆ-ը, 1 օրինակ էլ՝ հրդեհ մարող տարբերակով, վաճառվել է Ադրբեջանի ԱԻՆ-ին։

Ընդ որում, համաձայն Իրկուտսկի ավիացիոն գործարանի մամուլի հաղորդագրությանը՝ ինքնաթիռը տրամադրվել է Ադրբեջանին 2008-ի ապրիլի 30-ին։ Հանձնման արարողությունը կայացել է 2008-ի ապրիլի 25-ին Տագանրոկում, իսկ ապրիլի 30-ին արդեն ինքնաթիռը վայրէջք է կատարել պատվիրատուի բազաներից մեկում։

Նշենք, որ պայմանագիրը կնքվել էր 2007-ին։ Շուրջ մեկ տարվա ընթացքում ռուսական կողմը պատվիրատու հանդիսացող ադրբեջանական կողմի պահանջներին համապատասխան փոփոխություններ էր կատարել։ Քանի որ բացի ռուսական ԱԻՆ-ից՝ Ադրբեջանն ինքնաթիռի միակ գնորդն էր, ռուսական մամուլն այդ ժամանակահատվածում լայնորեն լուսաբանում էր Ադրբեջանին ինքնաթիռը հանձնելու թեման։

Բե-200-ը կիրառվել էր 2013-ի մարտին ադրբեջանական ԱԻՆ«Խազար-2013»  զորավարժության ժամանակ։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ որոշ ռուսական աղբյուրներ նշում են՝ ինքնաթիռը պահանջարկ չունի. բացի Ադրբեջանից, այն մինչ այժմ 6 օրինակով պատվիրել է միայն ՌԴ ՊՆ-ն։ Ինքնաթիռը հրդեհը մարում է ավելի երկար ժամանակում, քան շատ այլ հիդրոինքնաթիռներ։

Հավելենք նաև, որ 2012-ին ՌԴ ՊՆ-ն հրաժարվել էր հիդրոինքնաթիռների սպառազինման ու դրանք՝ ռազմական ինքնաթիռների վերափոխման մտադրությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *