Հրաժարական է տվել Թայվանի պաշտպանության նորանշանակ նախարարը

Թայվանի պաշտպանության նորանշանակ նախարար Էնդրյու Յանը հրաժարական է տվել պաշտոնում նշանակվելուց ընդամենը մեկ շաբաթ անց։ Հրաժարականի պատճառը գրագողությունն է։ Նրան մեղադրում են 2007 թվականին լույս տեսած գրքում ուրիշի տեքստը որպես սեփականի ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Օգոստոսի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ Յանը ընդունել է իր սխալը, ներողություն խնդրել ու հրաժարական տվել։

Էնդրյու Յանը բացատրել է, որ իր իր գրքի որոշ գլուխներ, որոնք վերաբերում են Չինաստանի Ազգային-ազատագրական բանակին, գրել են իր ընկերները։ Այս մասին հայտնում են թայվանական աղբյուրները։ Ըստ Յանի՝ հենց այդ գլուխներում էլ գտել են արտատպումը։

Պաշտպանության նախարարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրել է Յանի տեղակալ Հաո Հուանցզին։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ հրաժարական էր տվել Թայվանի պաշտպանության նախարար Գաո Հուաչժուն՝ զորակոչիկի մահվան հետ կապված սկանդալի պատճառով։
Նախկին նախարարը հրաժարվել էր պաշտոնանկության պատճառները մեկնաբանելուց, սակայն տեղական լրատվամիջոցները վկայում են՝ պատճառը 24-ամյա զինծառայող Հուն Չժունցզյուի մահվան դեպքն էր։

Հիշեցնենք, որ զինվորի մահը պատճառ է դարձել, որպեսզի հազարավոր ցուցարարներ դուրս գան Թայվանի փողոցներ, մասնավորապես, պաշտպանության նախարարության շենքի մոտ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *