ՌԴ «Բալ» հրթիռային համակարգը կկիրառվի Կասպից ծովում զորավարժության ժամանակ

Կասպյան նավատորմի առափնյա հրթիռային դիվիզիայի զինծառայողներն առաջին անգամ զորավարժություն են անցկացնում՝ «Բալ» առափնյա շարժական հրթիռային համակարգերի մասնակցությամբ։

«Բալ» առափնյա շարժական հրթիռային համակարգ

«Բալ» առափնյա շարժական հրթիռային համակարգ

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հրթիռային զորքերը վարժանքի ժամանակ կփորձեն հայտնաբերել ու չեզոքացնել ծովային թիրախները։

Ըստ նույն աղբյուրի՝ զորավարժությունների հաջորդ փուլում անձնակազմը պետք է վարժանքներ կատարի մարտկոցների օգտագործմամբ, ինչպես նաև դիվիզիայի կազմում կառավարի հրթիռային հարվածները։

Հավելենք, որ շարժական հրթիռային «Բալ» համակարգը նախատեսված է ջրային տարածքներն ու առափնյա շրջանները վերահսկելու համար։ Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հրթիռների արձակման կայանները կարող են տեղադրվել քողարկված դիրքերում՝ ափից մինչև 10 կմ հեռավորության վրա։

Նշենք, որ օգոստոսի 5-ին հայտնի էր դարձել՝ ռուսական 21631 նախագծի փոքր հրթիռային «Ուգլիչ» ռազմանավը ընթացիկ տարվա օգոստոսի վերջերին Կասպից ծովի նավատորմի շրջանակներում պետական փորձարկումներ կանցնի։

Դեռևս հուլիսի 8-ին Կասպից ծովում հնգօրյա զորավարժություն էր անցկացնում Իրանը։

Հուլիսի 11-ին էլ իրանական աղբյուրները տեղեկացրին՝ Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն այսուհետ իր զորամիավորումները կտեղակայի Կասպից ծովում։

Ռուսական ուժերի ակտիվությունը Կասպից ծովում, ինչպես նաև ռուս-իրանական համատեղ վարժանքները, որոնք հնարավոր է՝ անցկացվեն 2013-ի վերջին, առաջին հերթին անհանգստացնող հանգամանք են Կասպյան մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *