Պենտագոնը մտադիր է սպառազինություն վաճառել Իրաքին

Օգոստոսի 7-ին հայտնի է դարձել, որ Պենտագոնը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին՝ հնարավոր է Իրաքին վաճառեն 2,7 մլրդ դոլար արժողությամբ օդային պաշտպանության և կապի համակարգեր։

 M1135 Stryker

M1135 Stryker

Կոնգրեսն ունի 30 օր՝ վաճառքն արգելելու համար, հակառակ դեպքում դրական կամ բացասական պատասխանի բացակայությունը Պենտագոնին իրավունք կտա իրականացնել վաճառքը։

Դեռևս օգոստոսի 5-ին Պենտագոնը տեղեկացրել էր Իրաքի հետ հնարավոր, 2,4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի մասին։

Ըստ Պենտագոնի ներկայացրած շարժառիթների՝ «Սպառազինության վաճառքն Իրաքին հնարավորություն կտա վերահսկել տարածաշրջանում օդային անվտանգությունը, նվազեցնել Իրաքի խոցելիությունն օդային հարձակումներից, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունն Իրաքի ու ԱՄՆ կառավարարությունների միջև»։

Իրաքի սպառազինության պակասը այն հիմնական պատճառներից մեկն էր, որը մեջբերելով Պենտագոնը ժամանակին պնդում էր՝ պետք է ամերիկյան զորքերն Իրաքում մնային նույնիսկ 2011-ից հետո։ Սակայն դա տեղի չունեցավ, որովհետև Իրաքի իշխանությունները հրաժարվեցին նրանց իրավական անձեռնմխելիություն շնորհել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության և անվտանգության համագործակցության հարցերով գործակալությունը հուլիսի կեսերին տեղեկացրել է Կոնգրեսին 50 միավոր M1135 Stryker հետախուզական մեքենաներ Իրաքին տրամադրելու հավանականության մասին։

Իրաքը ծրագրում է ձեռք բերել նաև ուղղաթիռներ ու այլ սպառազինություն՝ ընդհանուր առմամբ 1,6 մլրդ դոլար արժողությամբ, իսկ եթե ԱՄՆ-ն տրամադրի միայն 50 միավոր M1135 Stryker-ները, ապա պայմանագիրը կարժենա 900 մլն ԱՄՆ դոլար։

Պենտագոնը մտադրություն ունի վաճառել Իրաքին 12 միավոր Bell 412EP ուղղաթիռ, ինչպես նաև պայմանագրի մեջ ներառել ուղղաթիռների սպասարկման և անձնակազմի վերապատրաստման պատասխանատվությունը։ Այս ամենը կարժենա 300 մլն դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *