Սիրիայի հետ սահմանին 18 թուրք զինծառայող է վիրավորվել

Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին հերթական խոշոր միջադեպն է գրանցվել։ Օգոստոսի 7-ին տեղի ժամանակով 02։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 03։00) Սիրիայի տարածքից 2500-3000 հոգանոց խումբը փորձել է անցնել Թուրքիա։

Թուրք-սիրիական սահմանը հսկող թուրք զինծառայողները թույլ չեն տվել խմբին հատել սահմանը, ինչին հետևել են բախումները կողմերի միջև։ Ենթադրվում է, որ խումբը կազմված է եղել մաքսանենգներից։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ թուրք զինծառայողները խմբին կոչ են արել լքել սահմանային հատվածը, սակայն այն փորձեր է կատարել անցնել սահմանը։ Թուրքական կողմն արցունքաբեր գազ է կիրառել նրանց նկատմամբ, ինչին նրանք պատասխանել են քարերով, ինչպես նաև որսորդական հրացաններից արձակված կրակոցներով։

Լարվածությունը տևել է շուրջ 5-6 ժամ։ Այս ընթացքում թուրքական բանակը հավելյալ 300 հոգի զինծառայող է կուտակել սահմանի այս հատվածում։

«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ մաքսանենգների հարձակման հետևանքով 18 թուրք զինծառայող է վիրավորվել։ Թուրքական պաշտոնական շրջանակները հաստատել են այս վիրավորվածների թվի վերաբերյալ տվյալները և հավելել, որ վնասվածք ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Նշենք, որ վերջին շրջանում նման միջադեպերը թուրք-սիրիական սահմանին զգալի ավելացել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *