Ճապոնիայում հասարակությանը ներկայացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչ օրս ամենախոշոր ռազմանավը։ Ուղղաթիռակիր «Իզումոն» ունի 248 մ երկարություն, 27 հազար տոննա ջրատարողություն։
Ծրագրում են նավը հանձնել շահագործման 2015-ին։
Հիշեցնենք, որ ուղղաթիռակիրը ջրի վրա էին տեղափոխել դեռևս 2012-ի հունվարի 27-ին։ Այդ օրից ի վեր՝ աշխատանքներ էին տարվում այն վերազինելու և նոր սարքավորումներով լրացնելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է Defense News պարբերականը, ռազմանավի՝ հանրության ցուցադրությունը կայացել է ընթացիկ տարվա օգոստոսի 6-ին, սակայն, ըստ պաշտոնական աղբյուրների, Հիրոսիմայի ռմբակոծման 68-րդ տարելիցի հետ համընկնումը եղել է պատահական։
Ըստ նույն աղբյուրի՝ «Իզումոն» ունակ է կրել 9 ուղղաթիռ, Ճապոնիայի պատկան մարմինների վկայությամբ՝ այն նախատեսված է որոնողափրկարարական գործառույթների, երբեմն էլ՝ Ճապոնիայի ջրային տարածքների պարեկության համար։
Նշենք, որ այս հայտարարությանն արդեն իսկ բացասական են արձագանքել Չինաստանի քաղաքական շրջանակներում՝ վկայելով, որ «Ճապոնիան այդպիսով հզորացնում է իր ռազմածովային ներուժը, հետ կանգնում Երկրորդ համաշխարհայինից հետո որդեգրած խաղաղասիրական դիվանագիտությունից»։
Ճապոնիայի Սահմանադրությունը ներառում է 9-րդ հոդված, որտեղ ասվում է՝ երկրին արգելվում է ունենալ կամ ստեղծել ռազմածովային ուժեր, իսկ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերն իրավունք չունեն ունենալ տեխնիկական միջոցներ՝ ավիակիր նավ, ռմբակոծիչ, որոնց օգնությամբ կղզիներից հեռու մարտական գործողություններ կվարեն։
Հավելենք, որ ռազմանավի կառուցումը սկսվել է 2009-ին։ Նախագծի արժեքը 1,3-1,5 մլրդ դոլար է։ Բացի «Իզումո»-ից, Ճապոնիան մտադիր է ևս մի ուղղաթիռակիր կառուցել 2014-ին։