Օրերս ադրբեջանական սոցցանցային խմբերը նյութեր ու լուսանկարներ էին տարածում Army Market սուպերմարկետից՝ կոչ անելով բոյկոտել այն։
Խնդիրն այն է, որ օրեր առաջ սուպերմարկետի սեփականատերերի հրահանգով Բալաջիրի գյուղի իրենց խանութի պատին փակցվել է իբր խանութից հաց գողանալ ցանկացող տարեց կնոջ լուսանկարը՝ առանց կնոջ թույլտվության։
Ադրբեջանական կայքերից մեկի լրագրող Իլքին Մուրադովը փորձել էր մեկնաբանություն ստանալ Army Market սուպերմարկետների ցանցի խանութներից մեկի տնօրեն, Արցախյան պատերազմի վետերան Սեիդ Միրհասիմովից։ Վերջինս սկզբում համաձայնել էր հարցազրույց տալ, սակայն լրագրողին տեսնելուց հետո կոպիտ ձևով դուրս էր հրավիրել նրան ու սպառնացել՝ ոստիկանություն կկանչի։
Սուպերմարկետի սեփականատերը պնդել է՝ իրենք պատին են փակցնելու բոլոր «անցանկալի, վատ վարք ունեցող, գողության փորձի մեջ կասկածելի հաճախորդների լուսանկարները»։
Հիշեցնենք, որ սուպերմարկետում հաճախորդների լուսանկարների կողքին փակցված են Արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների ու այս տարիների ընթացքում Ադրբեջանում «շահիդ» բնորոշում ստացած, սահմանին սպանված կամ մահացած զինվորների նկարները։
Այս ամենը հանգեցրել է Ադրբեջանում բլոգերների և լրագրողների զայրույթին։ Համաձայն սոցցանցերում ադրբեջանցիների ստվար զանգվածի արձագանքների՝ Ադրբեջանում հրաժարվում են գնումներ կատարել Army Market-ից։ Ադրբեջանցի օգտատերերը շեշտում են, որ հացը «գողացող» պատկառելի տարիքի կինը «գնացել է այդ քայլի երկրում սոցիալական վատթար իրավիճակի և իշխանությունների կամայականությունների պատճառով»։
Հիշեցնենք, որ Army Market-ի աշխատակիցները կրում են ռազմական համազգեստ, խանութների միջավայրը ռազմական պարագաներով լի է, պատերին էլ փակցված են զինվորների լուսանկարներ ու ռազմատենչ կոչեր։ Խանութի մշտական հաճախորդներից է ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած, Ադրբեջանում ազգային հերոս հռչակված Ռամիլ Սաֆարովը։