Թուրքիայի նախկին ԳՇՊ-ն ցմահ ազատազրկման դատապարտվեց

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Բաշբուղն անցնում էր «Էրգենեքոն» ծայրահեղական գաղտնի կազմակերպության գործով, որի շրջանակներում էլ դատարանը որոշել է նրան ցմահ ազատազրկման դատապարտել։ Գեներալը եղել է Թուրքիայի ԶՈւ ԳՇՊ 2008-2010 թվականներին։

File

ԳՇ հետախուզության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Իսմաիլ Հաքքըն Փեքինը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման։

Թոշակի անցած գեներալ Վելի Քյուչյուքը, ով համարվում է «Էրգենեքոնի» կազմակերպության ղեկավարներից մեկը, դատապարտվել է կրկնակի ցմահ ազատազրկման։ Կապիտան Մուզաֆֆեր Թեքինը դատապարտվել է կրկնակի ցմահ ազատազրկման և ևս 117 տարվա ազատազրկման։

Այս գործով ևս մի քանի տասնյակ զինվորական մինչև 49 տարվա ազատազրկման են դատապարտվել։

2007 թվականին սկիզբ առած «Էրգենեքոնի» գործով անցնող 270-ից ավել մարդիկ (հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ, զինվորականներ, անվտանգության աշխատակիցներ) մեղադրվում են պետական հեղաշրջություն նախապատրաստելու համար։

«Էրգենեքոնը» համարվում է ազգայնամոլական կողմնորոշում ունեցող ծայրահեղական ստվերային կազմակերպություն, որի նպատակն էր Թուրքիայում քեմալիստական սկզբունքների պաշտպանությունը և իշխանության գրավումը։

Թուրքիայի ընդդիմությունը կարծում է, որ «Էրգենեքոնի» գործն իրականում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության մտահղացնումն է, որով նա փորձում է պայքարից հանել իր ընդդիմադիրներին՝ նրանց դեմ «Էրգենեքոնին» անդամակցելու մեղադրանքով դատական գործեր բացելով։

Թուրքիայում տարածված կարծիք է նաև այն, որ «Էրգենեքոնն» այդ երկրի «ստվերային կառավարության» հետ անմիջական կապ ունեցող կազմակերպություն է։ Իսկ այս գործի միջոցով ևս «Արդարություն և զարգացում» կուսակցությունը փորձում է փոքրացնել երկրի զինված ուժերի ունեցած դերակատարությունը ներքին քաղաքականության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *