Ազատամարտիկների խորհուրդը Վարդենիսում մասնակցում է նստացույցի

«Այս պահին Վարդենիսում մեր ազատամարտիկ ընկերների հետ ենք։ Նրանք երեկվանից նստացույց են սկսել։ Մենք էլ որոշեցինք Երևանից երեք հոգով միանալ նրանց։ Մոտ 100 հոգի հավաքվել է»,- Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը։

Ազատամարտիկներ (1)

Ավետիսյանը նշեց, որ իրենց այցի իմաստը մարդկանց տեղեկացնելն է, թե ինչ փուլում են իրենց պահանջները։ «Ուզում ենք հավաքվածներին հավաստիացնել, որ մենք հետևողական ենք ու հարցերը ուշադրության կենտրոնում են»,-նշեց ազատամարտիկը։

Ռազմինֆոյի այն հարցին, թե արդյոք վարչապետի հետ վերջին հանդիպումից հետո որևէ փոփոխություն կա, Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ նրանց աշխատանքի մասին տեղեկանում են հեռուստատեսությունից։ «Անձամբ մեզ հետ կապ չեն հաստատել։ Իմացել ենք, որ ազատամարտիկների սրտի վիրահատության համար 50 տոկոս զեղչ են արել։ Բայց մենք ուզում ենք, որ վիրահատությունը լրիվ անվճար լինի։ Ինչ-որ քայլեր, ամեն դեպքում, արվում են, բայց դեռ կոնկրետ որոշում թղթի վրա չկա»,- մեկնաբանեց Ավետիսյանը։

Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչ է նախատեսվում օգոստոսի 8-ին հայտարարված հանրահավաքում, Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ այդ օրը Ազատամարտիկների խորհուրդը չի հրավիրում հանրահավաք, այլ հացադուլ անող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը։

«Ազատամարտիկների խորհուրդը այդ օրը ներկա կլինի որպես հանդիսատես։ Մենք զբաղվում ենք կոնկրետ մեր նշած պահանջներն իրագործելու համար, իսկ Խաչիկ Ավետիսյանը զբաղվելու է ժողովրդի հարցերով»,- ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ Ազատամարտիկների խորհրդի պահանջները փոփոխության չեն ենթարկվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *