Թուրքիայում փոխել են ցամաքային, օդային և ծովային ուժերի հրամանատարներին

Թուրքիայում ավարտվել է Գերագույն ռազմական խորհրդի նիստը, որի արդյունքներով մի շարք կարևոր փոփոխություններ են եղել երկրի զինված ուժերի հրամանատարության կազմում:

Մասնավորապես, հայտնի են դարձել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի և ժանդարմերիայի նոր հրամանատարների անունները:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ով մինչ այս գլխավոր շտաբի պետի տեղակալն էր:

Երրորդ բանակի հրամանատար Ումիթ Դունդար

Երրորդ բանակի հրամանատար Ումիթ Դունդար

Ցամաքային զորքերի երրորդ բանակի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ումիթ Դունդարը: Պետք է նշել, որ Թուրքիայի երրորդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Հայաստանին սահմանակից ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում (հիմնականում Արևմտյան Հայաստանում): Թուրքիայի երրորդ բանակի հրամանատարի շտաբը Երզնկայում է:

Իսկ ահա Երրորդ բանակի նախկին հրամանատար բանակի գեներալ Ահմեթ Թարմուշը նշանակվել է Առաջին բանակի հրամանատար (կենտրոնը` Ստամբուլ):

Ժանդարմերիայի հրամանատար է նշանակվել բանակի գեներալ Սերվեթ Յորյուքը, ով ցամաքային զորքերի կրթության և դոկտրինի հարցերով հրամանատարն էր:

Ռազմածովային ուժերի նոր հրամանատարն է ծովակալ Ռեջեփ Բյուլենթ Բոսթանօղլուն, իսկ ռազմաօդային ուժերինը` գեներալ-լեյտենանտ Աքըն Օզթյուրքը:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի և ժանդարմերիայի հրամանատարների նստավայրը մայրաքաղաք Անկարայում է:

Հավելենք, որ վերոնշյալ հրամանատարական փոփոխությունները կրում էին պլանային բնույթ և նախատեսված էին նախկին հրամանատարների պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ:

Նշենք, որ Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի (YAŞ) կազմի մեջ են մտնում Թուրքիայի ԶՈւ ԳՇՊ-ն, նրա տեղակալները, պաշտպանության նախարարը, ցամաքային, ռազմաօդային, ծովային ուժերի, ժանդարմերիայի հրամանատարները, ինչպես նաև բանակի գեներալի և ծովակալի զինվորական կոչում ունեցող զինծառայողները։ Խորհրդի նիստերը վարում է երկրի վարչապետը։

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը քննարկում է զինված ուժերի համար առավելագույն կարևորություն ունեցող հարցերը:

Այս անգամ Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի նիստն անցկացվել էր օգոստոսի 1-ից 3-ը Անկարայում՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի շենքում։

One response to “Թուրքիայում փոխել են ցամաքային, օդային և ծովային ուժերի հրամանատարներին

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ում ընդունել են Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդին | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *