Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և «Ռուսաստանի ուղղաթիռներ» («Вертолеты России») հոլդինգը կնքել են պետական պայմանագիր, ըստ որի՝ նախարարությունը պատվիրում է Մի-8 ուղղաթիռի 40 արդիականացված տարբերակ։ Պայմանագրի արժեքը գնահատվում է շուրջ 384 մլն ԱՄՆ դոլար։Այս մասին հայտնում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի մաս կազմող Ուլան-Ուդեի ավիացիոն գործարանը ՌԴ ՊՆ-ից մինչև 2020 թվականը պատվերներ ունի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը։
Ըստ տեղակալի՝ այդ հոլդինգի հետ կնքված պայմանագրի ողջ ծավալը կազմում է ավելի քան 1,6 մլրդ ԱՄՆ դոլար։
Մի-8 ԱՄՏՇ -ն (Էքսպորտային անվանումը Մի-171Շ) տրանսպորտային մարտական ուղղաթիռ է, որն արդիականացվել է Մի-8-ի հիմքի վրա։ Մի-8-ի մյուս արդիականացված տարբերակներից սա տարբերվում է նրանով, որ այն զինված է հակատանկային կառավարվող հրթիռ «Ատակա» կամ «Շտուրմ», ինչպես նաև «օդ-օդ» կառավարվող «Իգլա» հրթիռներով։
Ուղղաթիռն ունի անձնակազմի համար հատուկ պաշտպանությամբ, ինչպես նաև հագեցած է գիշերային տեսողության հարմարեցված տեխնիկայով։
Առաջին անգամ Մի-8 ԱՄՏՇ-ն ցուցադրվել է 1997 թվականին Ֆարնբորո ցուցահանդեսի ժամանակ։
Արտասահմանյան պատվիրատուների թվում են Գանան, Պերուն, Շրի Լանկան և Ուգանդան։