Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 28-օգոստոսի 3

Ադրբեջանում զինվոր է խեղդվել։ Ղազախի շրջանի բնակչի վրա հայերը կրակ չեն բացել։ «Դոկտրինա»-ի զեկույցը։ Ռազմական փորձագետի գործով դատական նիստը։ Արցախյան պատերազմում Ադրբեջանի անհայտ կորած զինվորների հարազատների ցույցը։ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության զեկույցը։ Սիրիայում ադրբեջանցի զինյալները կռվում են Ասադի դեմ։ ՊՆ-ն թերթից պահանջում է 127 հազար դոլար փոխհատուցում։ Սումգայիթում խաբեբա սերժանտ է հայտնվել։ Նորակոչիկից գումար շորթած զինվորների դատավճիռը։

1. Հուլիսի 29-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Նաջաֆ Ալիև Ֆազիլ օղլուն մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ հուլիսի 29-ին՝ 20։45-ի սահմաններում, ենթասպա Քյաինաթ Մուհամմեդալի օղլու Աբդուլաևը (ծնված 1989 թ.) Տերտերի շրջանի Չայլու գյուղում մահացել է իբր «հայերի կողմից արձակված գնդակից»։ ՀՀ ՊՆ հերքում է այս լուրը՝ վկայելով, որ դա ապատեղեկատվություն է:

Հուլիսի 30-ին, հայտնի է դարձել, որ ԱՀ ԶՈւ զինծառայող Ջավիդ Սամիր օղլու Մամեդովը խեղդվել է Բաքվից ոչ հեռու տեղակայված լճերից մեկում լողալիս:
Շամխորի բանակային կորպուսի՝ Թովուզում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Բայրամով Ռովշան Միրքերիմ օղլուն (ծնվ. 1992 թ.), ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի փոխխոսնակ Թեյմուր Աբդուլաևի՝ օգոստոսի 3-ին հաղորդած տվյալների, մահացել է սրտի սուր անբավարարությունից։

Օգոստոսի 1-ին Ադրբեջանի ՊՆ վկայությամբ՝ Թովուզի զորամասերից մեկի շարքային Էլշադ Շահլա օղլու Իսմայլովն ինքն իրեն է մահացու վիրավորում հասցրել իրեն ամրակցված զենքից։

Ադրբեջանի «Դոկտրինա» լրագրողական-ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին հուլիսի 30-ին լրատվամիջոցներին տեղեկացրել է դրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտներում կորուստների ընդհանուր թիվը տարվա սկզբից մինչ այդ օրը 58 է, վիրավորներինը՝ 72։ Հետևելով այս տվյալներին՝ նշենք, որ օգոստոսի 3-ի դրությամբ Ադրբեջանն ունի 61 զոհ, 72 վիրավոր։

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով ԱՀ Ղազախի շրջանի ոստիկանական բաժանմունքին, տեղեկացնում է՝ իբր «հայերը կրակել ու վիրավորել են Գզլհաջըլը գյուղի բնակչին»։ ՀՀ ՊՆ-ն հերքում է այս տեղեկությունը՝ փաստելով, որ այն ապատեղեկատվություն է։

2.Օգոստոսի 1-ին Ադրբեջանի Յասամալի շրջանի դատարանում կայացել է «Ազադլըգ» («Ազատություն») պարբերականի ու դրա աշխատակից Խագանի Ալիևի գործով դատական նիստը։ ՊՆ-ն թերթից պահանջում է 127 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցում՝ «Բանա՞կ, թե՞ սպանդանոց» հոդվածի համար։

3. Հուլիսի 29-ին կայացել է հերթական դատական նիստը՝ Ադրբեջանի ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ, Ադրբեջանի ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով հայտնի Յաշար Ջաֆարլիի վրա կատարված խուլիգանական հարձակման գործով։ Ռազմական փորձագետը խոստովանել է. «Ինձ վրա հարձակվել են պաշտպանության նախարար Աաֆար Աբիևի վստահելի անձինք»։

Նշենք, որ Ջաֆարլիի գործով հերթական դատական նիստը կայացել է օգոստոսի 1-ին։ Մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Փոխարենը Ջաֆարլիի փաստաբան Ավազ Թեմիրխանը լրագրողներին ասել է, որ նախորդ նիստն ընթացել է մի շարք օրենքների խախտումներով։

Ջաֆարլին մեկնաբանել է ոչ մարտական զոհերի մեծ թիվն Ադրբեջանում՝ ասելով. «Պաշտպանության նախարարն ու հրամանատարական կազմը թույլ են, անտարբեր են զինվորի նկատմամբ: Հասարակությունը բողոքում է ոչ մարտական զոհերի մեծ քանակից, իսկ պաշտպանության նախարարության համար դրանք միայն վիճակագրական չոր թվեր են»:

Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցությունների «Ազգային ճակատ» դաշինքի ղեկավար Ալի Քերիմլին ևս մեկնաբանել է ոչ մարտական զոհերը՝ շեշտելով կառավարութան որդեգրած վտանգավոր լռությունը նման հարցերում։

4. Հուլիսի 29-ին 1991-1994 թթ. Արցախյան պատերազմում Ադրբեջանի անհայտ կորած զինվորականների ավելի քան 100 ընտանիք Սահմանադրական դատարանի շենքի առջև ցույց է կազմակերպել։ Նրանք պահանջում են իրենց հատկացված ապահովագրական վճարները՝ վկայելով, որ առանց դրանց իրենք հայտնվել են ճգնաժամային ֆինանսական վիճակում։

5. Ադրբեջանական լրատվամիջոցները, հղելով Սիրիայի գրոհայինների կայքերին, հաղորդում են, որ Սիրիայի կառավարական բանակի դեմ կռվող գրոհայինների տարբեր խմբավորումների շարքերում կան 60 ադրբեջանցիներ։ Ընթացող մարտերում մահացել է ավելի քան 30 ադրբեջանցի։
Այնուհանդերձ, հակամարտությունների գծով վերլուծաբան Արիֆ Յունուսը դեռևս հուլիսի 11-ին հայտարարել էր, որ Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում կռվում են 300-ից ավելի ադրբեջանցի զինյալներ, որոնցից 100-ը՝ Սիրիայում։ Ադրբեջանի՝ քիչ թե շատ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող լրատվամիջոցները հուլիսի կեսերին գրում են. «Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչական խմբավորումների շարքերում մարտնչում են 400 ադրբեջանցի գրոհայիննոր, որոնցից 3-ը կին են»։

6. Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը զինծառայողների ֆուտբոլի համաշխարհային առաջնության կազմակերպման համար պարգևատրել է Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների միության (AFFA) աշխատակիցներին։

Նշենք, որ գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն օգոստոսի 2-ին մեկնել է ԱՄՆ՝ մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով։

7. Ռազմարդյունաբերության նախարար Յաշեր Ջամալը հայտարարել է, որ իրենց նախարարության արտադրանքի 86,4%-ը պաշտպանական նշանակության էր, 13,6%-ը՝ քաղաքացիական: Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, թողարկում են ավելի քան 750 անուն արտադրանք:

8. Ըստ Ադրբեջանի ԶՈւ միջոցառումների ժամանակացույցի՝ օգոստոսի 1-ին հայտնի է դարձել, որ 2013-ի օգոստոսի 13-ից մինչև 2014-ի մայիսի 31-ը Պակիստանում՝ Լահորում, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մասնակցելու են շտաբային ուսումնական դասընթացների։ Օգոստոսի 16-ին Զամբիայի ռազմական կցորդը կժամանի Ադրբեջան։

9. Օգոստոսի 9-10-ը Բաքու է ժամանելու Հարավային Կորեայի պատվիրակությունը՝ ՊՆ և այլ գերատեսչությունների հետ հանդիպումներ ունենալու։

10.Հուլիսի 31-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ոմն սերժանտ շրջում է պարտադիր զինծառայություն անցնող երիտասարդների տներով՝ հարազատներից ապօրինի կերպով գումար կորզելով։

11. Տերտերի շրջանի ռազմական դատարանը Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Ռամիզ Ալիևին դատապարտել է 5 տարի 9 ամիս, Ջավիդ Դեմիրլիին 6 տարի, Օրխան Մուսաևին 5 տարի, 6 ամիս ազատազրկման՝ նորակոչիկներից գումար շորթելու համար։

12. Հուլիսի 29-ին, հրապարակվել է Ադրբեջանի զինդատախազության կիսամյակին զեկույցը։ Ըստ դրա՝ 2013-ի հունվարի 1-ից մինչ օրս համաներման շնորհիվ ազատության մեջ է արդեն 105 զինծառայող։ Նույն ժամանակահատվածում կոռուպցիայի մեղադրանքով 44 անձի դեմ հարուցվել է 19 քրեական գործ, 26 զինծառայող հետախուզման մեջ է։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում 

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *