Հայ-թուրքական սահմանին սահմանախախտի վրա կրակ են արձակել։ Թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգության դեպքերը շարունակվում են։ Թուրքիայում ընթանում է Գերագույն ռազմական խորհրդի նիստը։ 8 ավագ սերժանտ անցնում է բռնաբարության գործով։ Այս տարի թուրքական օդուժը լքել է 110 օդաչու։ Զորամասերը դուրս են բերվում խոշոր քաղաքներից։ Թուրքական բանակի շարասյունների վրա հարձակման և ականների պայթյունների հետևանքով վերջին 10 տարում 138 զինծառայող է մահացել։
1. Հուլիսի 31-ի երեկոյան հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ Հայաստանի կողմից այս հատվածը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ են արձակել Թուրքիայի 35-ամյա քաղաքացի Մուսթաֆա Ուլքերի վրա։ Վերջինս ստացված վնասվածքներից մահացել էր, իսկ հաջորդ օրը նրա դին հանձնվել թուրքական կողմին։
Թուրքական կողմը շտապեց նշել, որ «սահմանախախտը հասարակ հովիվ էր, ով անզեն փորձել էր անցնել սահմանը, որպեսզի հետ բերեր անասուններին»։ Թուրքիայի ԱԳՆ իր հերթին շտապեց բողոքի նոտա հղել Հայաստանին։
Իսկ սահմանի այս հատվածը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի Հայաստանի վարչության մամուլի խոսնակ Սերգեյ Գրաչինը հայտարարեց, որ սահմանախախտը կրակ է արձակել սահմանապահների վրա, ինչին հետևել է պատասխան կրակը։
Այս ընթացքում թուրքական լրատվամիջոցները շարունակում են միտումնավոր նշել, որ «թուրք հովիվին սպանել են հայ զինվորները», թեև այդ հատվածը, ինչպես նշեցինք, հսկում է ռուսաստանյան կողմը։
2. Թուրքիայի և Սիրիայի սահմանին շարունակվում են փոխհրաձգության դեպքեր արձանագրվել։ Վիճակը կրկին լարված է թուրքական Ջեյլանփընար և սիրիական Ռեսուլայն շրջանների միջև սահմանային գոտում։ Թուրքական զինուժը հայտնում է մեծ թվով խմբերի (անգամ ձիերով) Սիրիայից Թուրքիա անցնելու փորձերի և նրանց դեմ արցունքաբեր գազ օգտագործելու դեպքերի վերաբերյալ։
3. Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդն օգոստոսի 1-ից 3-ը նիստ է գումարել։ Նիստի օրակարգում էր ցամաքային, ծովային, ռազմաօդային ուժերի և ժանդարմերիայի հրամանատարների փոփոխությունները, որոնք կրում են պլանային բնույթ։ Նոր նշանակումների վերաբերյալ առանձին հայտարարություն կարվի։
4. Օգոստոսի 2-ին Երզնկա քաղաքում (թուրքերեն՝ Էրզինջան) ավտովթարի հետևանքով ռազմական բեռնատար է շրջվել, ինչի պատճառով 8 զինծառայող տարբեր աստիճանի վնասվածք է ստացել և հիվանդանոց տեղափոխվել։
5. Թուրքիայի ԶՈւ խզել է պայմանագրերն 8 ավագ սերժանտների հետ, ովքեր անցնում են Բյուրակնում (Բինգյոլ) 16-ամյա աղջկա բռնաբարության դեպքի հետ կապված քրեական գործով։
6. Թուրքիայի զինված ուժերից վերջին 7 ամսում 110 օդաչու է հեռացել։ Հայտնի է նաև, որ ընթացիկ տարում երկրի զինված ուժերից հեռացածներից 63-ը կործանիչների օդաչուներ են։
7. 2002 թվականի հունվարից 1-ից 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում զինվորական շարասյունների վրա հարձակման և ականների պայթյունների հետևանքով թուրքական բանակի 138 զինծառայող է մահացել, 501-ը՝ տարբեր աստիճանի վնասվածք ստացել։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարը։
8. Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի մի շարք զորամասեր ու ռազմաբազաներ դուրս են բերվում խոշոր քաղաքներից և տեղափոխվում ավելի փոքր բնակավայրեր, օրինակ, Արդվին, Իգդիր, Բիթլիս, Մուշ, Բյուրակն (Բինգյոլ), Սինոպ, Ուշաք, Բայբուրթ, Գյումուշհանե, Քարաման և այլն։
Ռազմաշաբաթը նաև՝