ԱՄՆ-ն կցանկանար, որպեսզի Ռուսաստանի հետ՝ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության կայանների տեղակայման շուրջ վարվող բանակցություններն ավելի հաջողված լինեին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«Ես կարծում եմ, որ մենք որոշակի հաջողությունների ենք հասել զորավարժությունների հարցում, իսկ դա վկայում է, որ երկու պետություններն այդ կերպ կարող են համագործակցել, որպեսզի դա ծառայի իրենց հետաքրքրություններին»,- հայտարարել է Գորդոնը՝ հավելելով, որ ԵվրոՀՀՊ-ի հարցում էական առաջընթաց չկա, սակայն բանակցությունները շարունակվում են:
«Մենք շարունակելու ենք խոսել այդ մասին: Մեր տեսակետն այդ հարցով, կարծում եմ, հստակ է: Մենք՝ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի մեր գործընկերները, շարունակելու ենք ՀՀՊ համակարգ ստեղծել, քանի որ ատոմային զենքի տարածման վտանգին զուգընթաց մեծանում է նաև հրթիռներից եկող վտանգը»,- նշել է Գորդոնը՝ հավելելով, որ Ռուսաստանն այս հարցում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելով միայն կշահեր, իսկ այդ հարցում բանակցությունները շարունակվում են:
ԵվրոՀՀՊ ստեղծելու ԱՄՆ-ի ծրագրերը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հիմնական խնդիրներից է: Ներկա պահին ԱՄՆ-ն իր տարածքում ունի ռազմավարական նշանակության երկու ՀՀՊ շրջան՝ Ալյասկան ու Կալիֆորնիան: Ռուսաստանն ունի մեկ դիրքային շրջան՝ Մոսկվայի հատվածում: Իսկ ԱՄՆ-ն ծրագրում է ՀՀՊ երրորդ դիրքային շրջանը ստեղծել Եվրոպայում: Գործնականում նա նշանակում է գլոբալ ՀՀՊ համակարգի ստեղծում, որը կարող է ուժերի հարաբերկացությունն աշխարհում փոխել:
Եվրո ՀՀՊ-ի շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցելու որոշումը կայացվել է մեկ տարի առաջ՝ լիսաբոնյան գագաթնաժողովում: Սակայն բանակցությունները ձախողվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց իրավաբանական երաշխիքներից, այն է՝ այդ կայանները չեն ուղղվի ռուսական ուժերի զսպմանը: Հայտնում է «Ռիա-նովոստին»: