Թուրք սահմանախախտը մինչ սպանվելը կրակել է սահմանապահների վրա. ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի ներկայացուցիչ

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանին գրանցված միջադեպի վերաբերյալ նոր տեղեկություններ են  հայտնի դարձել։

Հուլիսի 31-ին սահմանի այդ հատվածը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին բացել Թուրքիայից Հայաստանի տարածք անցնել փորձող Թուրքիայի 35-ամյա քաղաքացի Մուսթաֆա Ուլքերի  վրա, ինչի պատճառով նա մահացել էր։

Հայ-թուրքական սահմանը

Հայ-թուրքական սահմանը

Թուրքական կողմը շտապել էր նշել, թե սահմանախախտը «սովորական հովիվ էր, ով անցել էր սահմանը՝ հետ բերելու իր անասուններին»։

Ռազմինֆոն օգոստոսի 1-ին կապ էր հաստատել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի Հայաստանի վարչության հետ, որտեղ տեղեկացրել էին, որ միջադեպ իրոք եղել է, ընթանում է հետաքննություն, որի ավարտից հետո կտրամադրվեն մանրամասներ։

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը օգոստոսի 2-ին կապ է հաստատել հաստատել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի Հայաստանի վարչության մամուլի խոսնակ Սերգեյ Գրաչինի հետ, ով նշել է, որ Ուլքերը «կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել է խորանալ Հայաստանի տարածքում»։ Ռուս սահմանապահներն էլ պատասխան կրակ են բացել, որի հետևանքով էլ սահմանախախտը վիրավորվել է և մահացել։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ ավելի վաղ պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշել էր, թե «քննադատում է պատահականորեն սահմանն անցած քաղաքացու սպանությունը հայ սահմանապահների կողմից» և հավելել, թե «այս կապակցությամբ համապատասխան դիվանագիտական քայլեր են տարվում»։

Հավելենք նաև, որ թուրքական լրատվամիջոցներում և թուրք պաշտոնյաների խոսքերում չի նշվում, որ սահմանի այս հատվածն իրականում հսկվում է ՌԴ ներկայացուցիչների կողմից և մշտապես շեշտվում է, թե «թուրք հովիվին սպանել են հայերը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *