Ղազախի բնակիչը չի վիրավորվել հայկական կողմի կրակից. ՊՆ

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով ԱՀ Ղազախի շրջանի ոստիկանական բաժանմունքին, տեղեկացնում է՝ իբր «հայերը կրակել ու վիրավորել են Գզլհաջըլը գյուղի բնակչին»։

Միջադեպը, ըստ նույն աղբյուրի, եղել է այն ժամանակ, երբ Ղազախի բնակիչ, 1984-ին ծնված Թուրալ Մուսա օղլու Մամեդովն իր «ԳԱԶել» 90 JP 024 ավտոմեքենայով ուղևորվում էր դեպի Աբբասբեյի լիճ։

Ադրբեջանական լրատվամիջոցը շեշտում է, որ «հայերի կրակոցներրի պատճառով» քաղաքացին վիրավորվել է մեջքի հատվածում։ Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում։

Ռազմինֆոն վերոհիշյալ տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստացավ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից։ Վերջինս փաստեց, որ սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, և հայկական կողմը կրակ չի բացել Ղազախի շրջանի ուղղությամբ։

Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և այլ գերատեսչություններ ևս միջադեպի առնչությամբ դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չեն եկել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *