Լեհաստանի ռազմաօդային ուժերն ընթացիկ տարվա հուլիսի վերջին արդեն ստացել են առաջին արդիականացված ՄիԳ-29Ա կործանիչը։
«89» կողային համարով ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Վարշավայից 40 կմ հեռավորության վրա տեղակայված 23-րդ մարտավարական ավիաբազայում։
Ակնկալվում է, որ 2013-ի օգոստոսի ընթացքում Լեհաստանը կստանա երկրորդ արդիականացված ՄիԳ-29-ը՝ «38» կողային համարով։
Նշենք, որ արդիականացումից հետո ՄիԳ-29-ը ստացել է կապի միջոցների, կապի խափանման դեմ կիրառվող, թռիչքի կառավարման ու GPS նոր համակարգեր։
Հավելենք, որ Լեհաստանի ՌՕՈւ-ն նածատեսում է ստանալ ընդհանուր առմամբ 15 միավոր արդիականացված ՄիԳ-29 ինքնաթիռներ։
Արդիականացման պայմանագիրը կնքվել է դեռևս 2011-ի օգոստոսին՝ լեհական ավիավերանորոգման Wojskowe Zaklady Lotnicze №2 ձեռնարկության հետ։ Աշխատանքները, որոնք ծրագրում են ավարտին հասցնել 2014-ին, ընթանում են իսրայելական IAI ընկերության հետ համատեղ։ Պայմանագրի արժեքն է 29,5 մլն դոլար։
Հիշեցնենք, որ Լեհաստանը զինվել է 12 միավոր ՄիԳ-29 կործանիչներով 1989-ին։ 1995-ին Լեհաստանի ՊՆ-ն Չեխիայից ստացել է ևս 10 միավոր այդպիսի ինքնաթիռ՝ փոխանակելով դրանք 11 միավոր լեհական արտադրության բազմաթիրախային W-3 Sokol ուղղաթիռների հետ։ 2001-ին Վարշավան 22 միավոր ՄիԳ-29 է ձեռք բերել Գերմանիայից։ Ներկայումս Լեհաստանի ՌՕՈւ-ն թռիչքներ է իրականացնում միայն 31 միավոր ՄիԳ-29Ա/ՈւԲ ինքնաթիռներով։