Ադրբեջանի ընդդիմադիր գործիչը՝ բանակում կորուստների մասին

Ադրբեջանում վերջին շրջանում քննարկումների տեղիք են տալիս «Դոկտրինա» ռազմական-վերլուծական կենտրոնի հրապարակած տվյալները՝ երկրում տարվա սկզբից պաշտպանության և անվտանգության համակարգերում մարդկային կորուստների վերաբերյալ։

Ալի Քերիմլի

Ալի Քերիմլի

Կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլիի խոսքերով՝ դրությամբ տարվա սկզբից սկսած հուլիսի 30-ի դրությամբ զոհերի թիվը 58 է, որից 49-ը ոչ մարտական կորուստներ են։

Այս թիվը, ըստ Ադրբեջանում հնչած մի շարք տեսակետների, ահազանգող է։

Օրերս նման կարծիք է հայտնել նաև Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցությունների «Ազգային ճակատ» դաշինքի ղեկավար Ալի Քերիմլին։

Վերջինս վկայել է, որ Ադրբեջանում դեռևս անցյալ տարվանից ոչ մարտական կորուստների մեծ թիվ է գրանցվում, ինչն էլ հանգեցրել էր 2013-ի մարտին Բաքվում կայացած բազմամարդ ցույցի։ Սակայն իշխանությունները, քաղաքական գործիչի խոսքերով, չնչին քայլ անգամ չեն ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Ավելին, «կառավարության կողմից քար լռությամբ է ընդունվում կասկածելի հանգամանքներում սպանված կամ մահացած ԱՀ ԶՈւ զինվորների մասին վերջին լուրերը, դրանք ընկալվում են՝ որպես չոր վիճակագրական տվյալներ»։

Նշենք, որ Քերիմլին խոսում էր ընթացիկ տարվա մարտի 10-ին Բաքվի կենտրոնական հրապարակում կայացած զինվորների, մասնավորապես՝ շարքայիններ Ջեյհուն Ղուբադովի և Սեյմուր Ալլահվերդիևի սպանությունների դեմ բողոքի ցույցի մասին։ Քաղաքապետարանը մերժել էր արտոնել ցույցը, իսկ ՆԳՆ-ն էլ հայտարարել էր, որ կասեցնելու են այն։ Մասնակիցների թիվը մի շարք աղբյուրներում տարբեր է ներկայացված. 500 – 1000, թեպետ «Ռիա Նովոստի» գործակալության ադրբեջանական մասնաճյուղը հայտնում է մոտ 3000 մասնակիցների մասին։ Ոստիկանները ուժ էին կիրառել, ինչի վկայություն հանդիսացող լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել էին արևմտյան մամուլում։ Կային ձերբակալվածներ։

Այնուհանդերձ, չնայած նրան, որ նախընտրական շրջանում ընդդիմադիր Քերիմլիի խոսքերը իշխանությունների դեմ հնչեցրած հերթական տեսակետն են, դրանք թերևս արտացոլում են իրականությունը։ Նույնիսկ բազմամարդ բողոքի ցույցը չհանգեցրեց որևէ տեղաշարժի։ Եթե 2012-ին Ադրբեջանի բանակում գրանցվել է 97 կորուստ, որից 77-ը՝ ոչ մարտական, ապա 2013-ի առաջին 7 ամիսների ընթացքում արդեն կա 58 կորուստ։

Բացի այդ, ադրբեջանական մամուլում և սոցցանցերում պարբերաբար խոսվում է առողջական լուրջ խնդիրներով զինվորների զորակոչի և ՊՆ-ում առկա կոռուպցիայի մասին։

One response to “Ադրբեջանի ընդդիմադիր գործիչը՝ բանակում կորուստների մասին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *