Հայտնի է Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների թիվը

Օգոստոսի 1-ին հայտնի է դարձել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդ ուժերի շարքերում կռվող ադրբեջանցի զինյալների թվաքանակը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղելով Սիրիայի գրոհայինների կայքերին, հաղորդում են, որ Սիրիայի կառավարական բանակի դեմ կռվող գրոհայինների տարբեր խմբավորումների շարքերում կան 60 ադրբեջանցիներ։ Ընթացող մարտերում մահացել է ավելի քան 30 ադրբեջանցի։

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ընդ որում, ադրբեջանցի գրոհայինները Սիրիա են եկել ոչ միայն Ադրբեջանից, այլև Աֆղանստանից (թալիբների շարքերում են մարտնչել), Ռուսաստանից (Հյուսիսային Կովկասից) և այլ երկրներից։

Ըստ նույն աղբյուրի՝ ադրբեջանցի գրոհայինների մեծ մասը «Ջեյշ ալ-Մուհաջիրին վալ-Անսար» դիվերսիոն խմբավորման անդամներ են, որի առաջնորդը հավանաբար ևս ադրբեջանցի Աբու Յահան է։

Այնուհանդերձ, հակամարտությունների գծով վերլուծաբան Արիֆ Յունուսը դեռևս հուլիսի 11-ին հայտարարել էր, որ Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում կռվում են 300-ից ավելի ադրբեջանցի զինյալներ, որոնցից 100-ը՝ Սիրիայում։ Ադրբեջանի՝ քիչ թե շատ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող լրատվամիջոցները հուլիսի կեսերին գրում են. «Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչական խմբավորումների շարքերում մարտնչում են 400 ադրբեջանցի գրոհայիննոր, որոնցից 3-ը կին են»։

Փաստորեն, ադրբեջանական իշխանամետ կայքերը, հարկադրված լինելով այնուամենայնիվ նյութեր հրապարակել Սիրիայի ադրբեջանցի զինյալների վերաբերյալ, նախապատվություն են տվել հղում տալ համեմատաբար քիչ թվով՝ 60 սպանված գրոհային նշող աղբյուրին։

Նշենք, որ օրերս ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը հանդես էր եկել հայտարարությամբ՝ խոստանալով՝ իրենք կճշտեն Սիրիայում սպանված «զինյալների ազգության և քաղաքացիության հարցը՝ չնայած որ դա շատ բարդ գործընթաց է»։ Իր հայտարարության մեջ Աբդուլաևը չի հաստատել, սակայն միաժամանակ չի հերքել սպանված ադրբեջանցի գրոհայինների մասին լուրը։

Հիշեցնենք, որ Սիրիայի ներքին հակամարտության սկզբնական շրջանում Ադրբեջանը կտրականապես հերքում էր, որ վարձու ադրբեջանցի զինվորներ են մարտնչում Ասադի դեմ, սակայն վերջին ամիսների ընթացքում, հաշվի առնելով թերևս ապացույցների և վկայությունների մեծ քանակը, Ադրբեջանը զերծ է մնում առհասարակ վարձու զինվորների թեման բարձրացնելուց։ Խնդիրն այն է, որ ադրբեջանցի զինյալների մասնակցության փաստը հաստատելու դեպքում՝ Ադրբեջանը հարկադրված կլինի ընդունել, որ ադրբեջանցիները, հիմնականում ահաբեկչական խմբավորումների կազմում, վարձու կամ կամավոր մասնակցել են Սիրիայի ներքին հակամարտությանը։ Դա միանշանակ վատ կանդրադառնա թե´ Ադրբեջանի միջազգային վարկանիշի, թե´ Սիրիայի հետ հարաբերությունների վրա։

Հավելենք, որ դեռևս հուլիսի 22-ին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Բաշար Ասադի հակառակորդ գրոհայինների կողմից կռվող ադրբեջանցի Անվար Զեյնալովը։ Բացի այդ, ամիսներ առաջ YouTube-ում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սիրիայի ապստամբների շարքերում կռվող ադրբեջանցիներն Ասադի վարչակազմը տապալելու կոչեր էին անում։

Հարկ է նշել նաև, որ ընթացիկ տարվա հունիսի 5-ին Flashpoint Global Partners խորհրդատվական կենտրոնը և Վաշինգտոնի Մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի փորձագետների համատեղ զեկույցի համաձայն՝ Սիրիայում սպանված 280 վարձկանների շարքում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *