[Թարմացում] Հայ-թուրքական սահմանն անցնել փորձող թուրք հովիվի վրա կրակ է արձակվել

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը նախօրեին տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից կրակ են բացել հովիվի վրա, ով փորձել է Թուրքիայից անցնել Հայաստանի տարածք՝ իր անասուններին հետ բերելու համար։

Ըստ թուրքական աղբյուրի՝ դեպքը եղել է Կարսի նահանգի Աքյաքա բնակավայրի մոտակայքում հուլիսի 31-ի երեկոյան։

35-ամյա Մուսթաֆա Ուլքերը, ով զբաղվում է հովվությամբ, վիրավորվել է հայաստանյան կողմի սահմանապահների արձակած կրակից, տեղեկացնում է նույն աղբյուրը։

«Անադոլու» գործակալությունը օգոստոսի 1-ի կեսօրին, հղում կատարելով Կարսի նահանգապետ Թեփեի հայտարարությանը, նշել է, թե հովիվը ստացված վնասվածքներից մահացել է, իսկ նրա դին գտնվում է Հայաստանի տարածքում։ 

Հայաստանի և Թուրքիայի մեջ սահմանի մի հատված

Հայաստանի և Թուրքիայի մեջ սահմանի մի հատված

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով այս տեղեկությանը, նշել են, թե «կրակն արձակել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողները»։

Իրականում, հայտնի է, որ սահմանի այս հատվածը հսկում են Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ ուժերը։

Ռազմ.ինֆոն կապ հաստատեց Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի Հայաստանի վարչության հետ։

Վարչությունից մեզ պատասխանեցին, որ սահմանին միջադեպ գրանցվել է, այժմ ընթանում է քննություն, որի ավարտից հետո մանրամասների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի։

Հովիվի մահվան վերաբերյալ ևս ռուսական կողմը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։

Նշենք, որ նախկինում ևս հայ-թուրքական սահմանին նման միջադեպեր գրանցվել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *