Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակն իր տարածած հաղորդագրությունում հայտնել է առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու երիտասարդների զորակոչը կանխելու մասին։
Հաղորդագրությունում նշված է, որ հուլիսի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները ստացված ահազանգերի հիման վրա ներկա են գտնվել ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին:
ՄԻՊ-ի միջամտությամբ և Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների աջակցությամբ առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու զորակոչիկների ճանաչել են ոչ պիտանի զինծառայության համար և սահմանված կարգով նրանց տրվել է տարկետման իրավունք:
Ըստ հաղորդագրության՝ զինկոմիսարիատների մեկի ռազմաբժշկական հանձնաժողովից մաշկային հիվանդություն ունեցող քաղաքացուն ուղարկել էին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, իսկ մյուս դեպքում զինկոմիսարիատի հանձնաժողովի հոգեբույժը քաղաքացուն ուղեգրել էր ստացիոնար հետազոտման, սակայն տվյալ զինկոմիսարիատի ղեկավարը մերժել էր առանց պատճառաբանության՝ ենթադրելով, որ քաղաքացին պիտանի է ծառայության համար:
Փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունն արդեն իսկ նյութեր է նախապատրաստում: