Ադրբեջանում նորակոչիկից գումար շորթած զինծառայողները դատապարտվել են

Հուլիսի 30-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում զինվորին ծեծի ենթարկելու և նրանից բռնի գումար վերցնելու գործով դատավարությունն ավարտվել է։
Հիշեցնենք, որ 2012-ի մայիսի 1-ին զինծառայողներ Ջավիդ Դեմիրլին, Ռամիզ Ալիևը, Օրխան Մուսաևը մտադրվել էին ապօրինի կերպով գումար կորզել զորակոչիկ Անար Իսմայիլովից։ Նրանք պնդել էին, որ նորակոչիկն իրենց տրամադրի 10 մանաթ (12 դոլար) գումար: Իսմայիլովը հրաժարվել էր, ինչի պատճառով էլ վերոհիշյալ 3 զինծառայողները գցել էին նրան գետնին, բռունցքներով ծեծել, բռնությամբ վերցրել իրենց ուզած գումարը։ Տուժած զինծառայողին ծանր վնասվածքներով տեղափոխել էին հոսպիտալ։

ադրբեջանական բանակ

Հետաքննությունը պարզել էր, որ «տխրահռչակ եռյակը բազմիցս գումարներ է կորզել զորակոչիկներից»։

Հուլիսի 30-ին հրապարակված դատավճռի համաձայն՝ «սպառնալիքներով գումարի շորթելու» և «ոչ կանոնադրական հարաբերություններ ունենալու և բռնության կիրառելու» հոդվածներով Տերտերի շրջանի ռազմական դատարանը Ռամիզ Ալիևին դատապարտել է 5 տարի 9 ամիս, Ջավիդ Դեմիրլիին՝ 6 տարի, Օրխան Մուսաևին՝ 5 տարի, 6 ամիս ազատազրկման։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *