Հուլիսի 31-ին ԱՄՆ Սենատի ֆինանսական հատկացումների գծով հանձնաժողովը կողմ է քվեարկել ռազմական բյուջեի ծախսերի կրճատմանը, մասնավորապես, Աֆղանստանի համար ռուսական բազմաթիրախային Մի-17 ուղղաթիռների գնումից հրաժարվելուն։
Կրճատման են ենթակա նաև աֆղան զինվորականների համար ընդհանուր առմամբ 416 մլն դոլարի թռչող սարքերի ծախսերը։ Կրճատման հստակ պատճառներ չեն նշվում։
Ավելի վաղ Human Rights First իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, համաձայն որի՝ Աֆղանստանի ունեցած զենք-զինամթերքը հին է, օդաչուներն էլ փորձառու չեն, անհրաժեշտ տեխնիկների պակաս կա։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վերոհիշյալ կրճատումը ենթադրում է ամեն տեսակի համագործակցության կասեցում «Ռուսօբորոնէքսպորտի» հետ։
Բացի «Ռուսաստանի՝ Սիրիայի հարցում որդեգրած դիրքորոշման պատճառով այսպիսով վրեժ լուծելուց», գոյություն ունի այլ վարկած ևս։ Ռուս վերլուծաբանները ենթադրում են, որ ռուսական ընկերության ծառայություններից հրաժարվելով՝ ԱՄՆ-ն խթանում է իր տեղական արտադրողների, մասնավորապես, հայտնի Sikorsky («Սիկորսկի») ընկերության գործունեությանը։
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում «Ռուսօբորոնէքսպորտ» ընկերության հետ համագործակցության կասեցման դեմ քվեարկել է 5, կողմ՝ 407 մարդ։
Հավելենք, որ դեռևս 2011-ին Պենտագոնը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ 367,5 մլն դոլարի պայմանագիր է կնքել 21 միավոր Մի-17Վ5 ուղղաթիռներ Աֆղանստանին տրամադրելու վերաբերյալ։ Հուլիսի 18-ին Պենտագոնը հայտարարել է 171 մլն դոլար արժողությամբ նոր պայմանագրի մասին, որը ենթադրում է ևս 10 միավոր այդպիսի ուղղաթիռերի տրամադրում։ Հայտնի է նաև, որ 2012-ի հուլիսի կեսերին ռուսական կողմն ամերիկյան պատվիրատուներին ուղարկել է 21 միավոր ուղղաթիռ։