Ավստրիան ավարտել է Գոլանի բարձունքներից խաղաղապահների դուրսբերումը

Ավստրիայի զինծառայողների վերջին խումբը Սիրիայի և Իսրայելի միջև գտնվող  Գոլանի բարձրունքներից վերադարձել է հայրենիք։
Ինքնաթիռը, որում էին Ավստրիայի 44 զինվորները, երեկ՝ հուլիսի 30-ին, վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում։

Ավստրիացի խաղաղապահներն իրենց դիմավորող պաշտպանության նախարարին են հանձնել պետական դրոշը, որը ժամանակին Գոլանում իրենց ռազմական կայանում էր։

Գոլանի բարձունքներում խաղաղապահ առաքելության կայան

Գոլանի բարձունքներում խաղաղապահ առաքելության կայան

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի սկզբից Ավստրիան հայտարարել էր Գոլանի բարձունքներից իր՝ թվով 377 խաղաղապահների դուրսբերման որոշման մասին։ Պատճառը Սիրիայում ավելի քան 2 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմն է, ինչի հետևանքով էլ հաճախակի հարձակումներ էին գրանցվում խաղաղապահների կայանների վրա։

Ավելի վաղ նույն շարժառիթներով իրենց խաղաղապահ ջոկատներին Սիրիայից հանելու որոշմամբ էին հանդես եկել Ճապոնիան ու Խորվաթիան։

Հավելենք, որ սկզբնական շրջանում ծրագրվում էր խաղաղապահների դուրսբերման գործընթացը 2-3 շաբաթ ժամանակահատվածում իրագործել, սակայն ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության գծով վարչության խնդրանքով՝ գործընթացը հետաձգվեց մինչև հուլիսի վերջ։

Ընդ որում, ՄԱԿ-ին հաջողվեց դուրս եկած խաղաղապահներին փոխարինել Ֆիջիի ու Նեպալի զինվորներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *