Զինվորի ու սպայի միջև անդունդ չպետք է լինի. Սամսոն Հովհաննիսյան

Ռազմինֆոն ներկայացնում է հարցազրույցների շարք զորացրված երիտասարդների հետ։ Մեր զրուցակիցը արմատներով Վայքից Սամսոն Հովհաննիսյանն է։ Նա ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։

Սամսոն Հովհաննիսյան

Սամսոն Հովհաննիսյան

— Ի՞նչ եք բանակից վերցրել ու ի՞նչ եք թողել բանակում:

Բանակային ծառայությունը մարդու կյանքում քիչ բան չէ: Կյանքիցդ երկու տարիներն ես տալիս բանակին: Իր հետքը թողնում է զինծառայողի կամ նախին զինծառայողի կյանքում: Ես բանակ գնացել եմ համեմատաբար մեծ տարիքում ` 23 տարեկան էի: Ունեի ձևավորված որոշակի աշխարհայացք, տարբեր հարցերի, այդ թվում նաև բանակի վերաբերյալ, պատկերացումներ: Բայց բանակում շատ բաներ նորովի ընկալեցի, շատ հարցերի այլ հայացքով սկսեցի նայել: Եթե նախքան բանակը որոշ հարցերի նկատմամբ անհամբեր էի, դրանից հետո հարցերին վերաբերում եմ ավելի կշռադատված: Ես բանակում թողեցի իմ մի փոքր անհավասարակշիռ վիճակը: Բանակային ծառայությունըմ իր բնույթից ելնելով, ենթադրում է նաև կոնֆլիկտներ: Ինձ տվեց կոնֆլիկտները հաղթահարելու փորձը:

— Բանակային կարգուկանոնից կամ միգուցե ավանդույթներից ի՞նչը կուզենայիք մտներ մեր քաղաքացիական կյանք:

Կարգապահությունը և անձնական պատասխանատվությունը: Բնականաբար բանակին բնորոշ է զուտ զինվոորական կարգապահությունը, բայց դա այսօր մարդկանց շատ է պակասում: Մենք հաճախ սիրում ենք օրինակներ բերել գերմանական ճշտապահությունից, կարգապահ հասարակությունից: Պատմության մեջ էլ կան օրինակներ, որ հենց ազգերն իրենց կարգապահության շնորհիվ հասել են շատ բարձունքների: Մենք այդ հարցում կաղում ենք: Մյուսն էլ անձնական պատասխանատվությունն է: Ծառայության մեջ ամեն մեկը պատասխանատու է ըստ կանոնագրքերի, չգրված օրենքների, նորմերի: Ցավոք, մեր հասարակության մեջ տարբեր մակարդակներ են` պատասխանատվության բացակայություն կամ դրա թերի լինելը:

— Ո՞ր զինատեսակն եք սիրում:

Քանի որ ծառայել եմ հրետանային և հետո արդեն հրթիռային զորամասերում, ապա ինձ ավելի հարազատ է հրետանին: Ես սիրում եմ «Գիացինտ» թնդանոթը: Ինձ համար հոգեհարազատ է, քանի որ արցախյան պատերազմում շատ կարևոր ճակատամարտեր մղվել են հենց այդ զինատեսակով: Հաճելի է տեսնել այն զինատեսակները, որոնք իրենց անձնակազմների հետ կերտել են պատմություն:

— Բանակային կարգուկանոնից Ձեր կենցաղում ո՞րն է տեղ գտել:

Կարգապահության ու կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ: Ժամանակը ճիշտ տնօրինելու փորձ: Մինչև բանակ գնալն ուսանողական հիվանդություն էր ժամանակի ոչ ճիշտ տնօրինումը, իսկ բանակային ծառայությունից հետո ավելի մեծ տեղ եմ տալիս: Հետո նաև հավասարակշռությունը, համբերությունը:

— Բանակում Ձեզ հանդիպած ամենամեծ դժվարությունը կնշե՞ք:

Ֆիզիկական դժվարություններ չեն եղել: Մի փոքր հոգեբանական դժվարությունների եմ հանդիպել: Դժվարություն այն առումով, որ տեսնում ես քո կողքի ծառայողները չեն պատկերացնում, թե ինչու են եկել: Դրանից էլ առօրյա հարաբերություններում առաջանում են պատկերացումների անհամաձայնություն, տարաձայնություններ:

Չնայած այն զորամասում, որտեղ ես եմ ծառայել սպաները կրթական ու մասնագիտական բարձր որակներ ունեին, բայց ամեն դեպքում գաղափարադաստիարակչական հարցերում մինչև վերջ հետևողական չեն:

Ինձ մոտ հիասթափություն էր, որը հաղթահարեցի: Մեր բանակը գտնվում է պատերազմական վիճակում:

Իհարկե, մենք հզոր ենք, բայց պետք է գեներալից մինչև շարքային զինվոր գիտակցեն իրենց վրա դրված պատասխանատվությունը: Ոչ թե հանուն զինվորական կարգապահության, ոչ թե նրա համար, որ այդպես պահանջում է օրենքը, այլ գիտակցականը:

— Մինչև բանակ գնալն ինչի՞ց էիք վախենում և արդյոք այդ վախերն արդարացան:

Չեմ ստի, եթե ասեմ, որ ոչնչից չեմ վախեցել: Բնականաբար ցանկացած զորակոչվող շատ բաներ է լսում բանակի մասին, ես էլ գիտեի ու այդ իմացությունն ինձ ոչ թե վախեցնում էր, այլ ես պատրաստ էի: Ես չափազանցված պատկերացումներ չունեի:

— Բավական մեծ տարիքում եք գնացել բանակ, արդյո՞ք հոգեբանական խնդիր չառաջացավ:

Հոգեբանական խնդիր կար մի քանի իմաստով: Ես 6 տարի ուսանող եմ եղել, արդեն հունի մեջ էի մտել: 23 տարեկանում զորակոչվելն ունի իր թե՛ լավ, թե՛ վատ կողմերը: Լավը բնականաբար փորձն է, վատը, երևի, որ 18-19 տարեկան տղաների հետ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունես: Սովորաբար ծառայության առաջին ամիսներին են խնդիրներ լինում, հետո հաղթահարում ես:

— Երկու տարի առաջ տեղափոխվենք: Ի՞նչ էիք զգում, երբ ստացաք ուղեգիրը:

Զգում ես, որ արդեն պիտի գնաս, որ մինչև այդ կարող էիր հայրենասիրական ճառեր ասել, ժամանակն եկել է, որ ապացուցես գործով: Ժամանակն եկել է, որ ընտանիքն ու ընկերները քեզ պիտի բանակ ճանապարհեն ու սպասեն:

— Ընտանիքում դրությունն ինչպիսին էր, արդյոք դեմ հանդես եկող կային Ձեր որոշմանը:

Մենք բանակ ենք գնացել երեք հարազատ եղբայրներով: Մենք հենց այդպես էլ որոշեցինք, որ երեքով գնանք ծառայենք ու գանք: Հիշում եմ՝ այդ օրը մայրս շատ էր հուզվել: Բայց ոչ ոք դեմ չի եղել: Բարի մաղթանքներով մեզ ճանապարհեցին: Պատկերացրեք՝ երկու տարի հետո մեր ընտանիքի վիճակը, երբ երեք տղան տուն են վերադառնում:

Սամսոն Հովհաննիսյանը եղբայրների և  Սեյրան Օհանյանի հետ

Սամսոն Հովհաննիսյանը եղբայրների և Սեյրան Օհանյանի հետ

— Եթե հնարավորություն ունենայիք բանակում չծառայել, կօգտվեի՞ք:

Եթե չլիներ ինչ-որ ծայրահեղ հանգամանքներ, ես, բնականաբար, չէի օգտվի այդ հնարավորությունից: Ես չեմ փոշմանել, որ 23 տարեկանում եմ գնացել։ Հպարտ եմ, որ ծառայել եմ: Տարածված կարծիք կա, որ 2 տարին անիմաստ է:

Իսկ Ձեզ համար անիմա՞ստ է եղել:

Դե բանակային երկու տարին քիչ չէ: Կարևոր է, որ բանակից չբերես անտարբերություն ու հիասթափվածություն: Շատերը դա են բերում:

— Զինվորական առաջին օր:

Հանրապետական հավաքատեղիից հետո գիշերը մեզ զորամաս տարան, ներկայացրին զորամասի այդօրվա հերթապահին: Նա կարճ ներկայացրեց, թե ինչ է մեզ սպասվում 2 տարում: Քնեցինք ու շատ վաղ արթնացանք` առավոտյան 5:30: Մարզանք գիշերով (ժպտում է): Ինչ-որ տեղ նաև ռոմանտիկա էր, երբ համեմատում ես տեսածդ բանակային ֆիլմերն ու իրականը:

Ի՞նչը կփոխեիք բանակում:

Հիմա շատ փոփոխություններ են լինում ու դեպի լավը: Բանակի պատասխանատուները փորձում են ավելի մեծ ուշադրություն դարձնել հայրենասիրությանը, գաղափարական դաստիարակությանը, բայց դա պետք է իրական հիմքերի վրա լինի: Ոչ թե դասախոսություններ բարձր ճառերի հիման վրա, կյանքից կտրված, այլ փորձեն յուրաքանչյուր զինվորի մեջ սերմանել այդ պատասխանատվությունը, նրա գործի կարևորությունը: Դա կարևոր երաշխիքներից է, որ զինվորը երկու տարի հետո անտարբերություն կամ էլ հակաքարոզչություն չտանի: Մեծ ուշադրություն պետք է դարձնել գիտակցական պարտականությանը:

— Ինչի՞ն ամենադժվարը հարմարվեցիք:

Կարելի է ասե՝ հեշտ է եղել: Չեմ կարող նշել մի բան, որին դժվար եմ հարմարվել:

— Իսկ հրամաններին ինչպե՞ս հարմարվեցիք:

Եթե գիտակցում ես, որ հրաման տվողը հրաման տալիս է զինվորական ծառայության հիմքից և տրվում է կոռեկտ, օրինականության սահմաններում հակազդեցություն չի լինում կամ էլ շատ քիչ՝ սկզբնական շրջանում: Կան հրամանատարներ, որոնք այլ կերպ են տալիս հրամանը, արդեն հակազդեցություն էլ լինում է:

— Կնշե՞ք խնդիրներ, որոնք հանդիպել եք սպաների ու զինվորների շրջանում:

Խնդիրներ կան, իհարկե: Առաջինը փոխադարձ վստահությունն է: Դա ընդհանուր է, բայց կախված է նաև յուրաքանչյուր զինվորից ու սպայից: Այդ վստահության պակասը գալիս է նրանից, որ մեզ երիտասարդները գալիս են բանակ որոշ պատկերացումներով։ Վստահություն եթե չկա, բնականաբար հարգանք էլ չի լինի, զինվորի կողմից պատրաստակամություն չի լինի հրաման կատարելու, ինչու չէ վատ կանի իր գործը: Չի լինի նաև սպայի պատասխանատվությունը զինվորի նկատմամբ: Պետք է այդ անդունդը չլինի զինվորի ու սպայի միջև:

— Սնունդը ինչպիսի՞ն էր:

Առաջին զորամասում սնունդը լավ էր, երկրորդում՝ թերություններ կային: Որոշ ճաշատեսակներ որակով չէին: Պատրաստում էին շատ, իսկ զինվորը չէր ուտում: Բայց հետո փոխվեց:

— Ձեր ամենասիրած ուտելիքը ո՞րն էր:

Աղցաններ բանջարեղենով: Եթե լավ էին պատրաստում, նաև ապուրները, իհարկե, մորս պատրաստածին չէին հասնի:

— Ինչպե՞ս եք վերաբերում աղջիկների ծառայությանը:

Նորմալ: Գովելի է, եթե գիտակցում են իրենց պատասխանատվությունը:

— Քույր ունե՞ք:

Ո՛չ:

— Իսկ եթե ունենայիք ու Ձեր քույրը ընտրեր այդ ուղին, ինչպե՞ս կպահեիք Ձեզ:

Դժվար կլիներ: Բայց եթե իմանայի, որ գիտակցված ընտրություն է, չէի խանգարի: Ամեն դեպքում կփորձեի համոզել, բացատրել:

— Բանակում ի՞նչն էիք ամենաշատը կարոտում:

Ազատությունը: Գիտակցում ես քո ամբողջ վիճակը, բայց երազում ես ազատության: Կարոտում ես հարազատներիդ, ընկերներիդ, այն միջավայրը, որտեղ քեզ հաճելի է եղել:

— Ինչի՞ կարիք էիք զգում ծառայության ժամանակ:

Տեղեկատվության պակաս կար: Մինչև բանակ գնալը զբաղվել եմ գիտական, մասնագիտական գործունեությամբ։ Դրա պակասն էր զգացվում: Սկզբնական շրջանում գրքերի պակաս կար: Հետո գրադարան ստեղծվեց զորամասում:

— Ազատ ժամանակ ինչո՞վ էիք զբաղվում:

Ես ինձ հետ տարել էի բառարան, գիրք, տետր, գրիչ: Ֆրանսերեն լեզու եմ ուսումնասիրում: Գիտեի էլ, որ ծառայությունից հետո ասպիրանտուրայի համար քննություններ եմ հանձնելու, ազատ ժամանակի դեպքում միշտ զբաղվում էի դրանով: Բացի այդ, որոշակի ժամանակ էի հատկացնում իմ ֆիզիկական պատրաստվածությանը:

— Նշեք բանակի դերը մեր պետության ու հասարակության համար։

Շատ մեծ դեր ունի։ Դա պատմությունն էլ է վկայում։ Մեր ժողովուրդը ապրել է խաղաղության ու անվտանգության մեջ, երբ ունեցել ենք բանակ։ Բանակը մեր անկախության ծնունդն էր, որ թրծվեց արցախյան պատերազմում, ինչն էլ անկյունաքարային դեր ունի մեզ համար։ Մյուսն էլ բանակի ներքին նշանակությունն է՝ կրթիչ, դաստիարակիչ։ Բանակը պետք է կատարի նա իր սոցիալական դերը։

— Ի՞նչ խորհուրդ կտաք այն տղաներին, ովքեր համալրելու են զինված ուժերի շարքերը։

Ուղղակի մի բան կասեմ։ Չվարանեն իրենց գործի կարևորության համար։ Անկախ ամեն ինչից բանակային ծառայությունը պետք է։ Հանգիստ, թեթև սրտով, պատվով տան իրենց պարտքն ու վերադառնան տուն։

— Եթե տղա ունենաք, կուղարկե՞ք ծառայելու։

Բնականաբա՛ր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *