ՌԴ «Ռազմաարդյունաբերական ընկերությունը» ստեղծել և փորձարկում է «Կրիմսկ» հիբրիդ էներգետիկ կայանով և էլեկտրաշարժահաղորդմամբ նոր մարտական մեքենան։
Ըստ «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության ունեցած տվյալների՝ ընկերության տնօրեն Սերգեյ Սուվորովը հայտարարել է՝ նոր մեքենայի առանձնահատկությունն այն է, որ վերջինս գրեթե անձայն է շարժվում, իսկ կողային համակարգերի հնարավորությունները թույլ են տալիս հեռակառավարել։
Համաձայն նույն աղբյուրի՝ մարտական մեքենայի ստեղծման աշխատանքները տարվել են ՌԴ ՊՆ վերահսկողության ներքո։ Այն մշակվել է ԲՏՌ-90 զրահափոխադրիչի հիմքի վրա։ Այնուհանդերձ, այն հեռավորությունը, որ մեքենան կարող է հաղթահարել մարտկոցների էներգիայով, մեծ չէ։ Դա, ըստ ստեղծողների, հետագայում կշտկվի։
«Կրիմսկ»-ը Կուբինկայի օդանավակայանում փորձարկումների ժամանակ դրական արդյունքներ է գրանցել։ 22 տոննա կշռով այս մեքենայի նախատիպը կարողացել է բացել մինչև 80 կմ/ժ արագություն, իսկ հուլիսի կեսերին վերջին փորձարկումների ընթացքում այն հաղթահարել է 2 մ լայնությամբ իջվածքը։
Մեքենայի ստեղծողները հույս են հայտնել, որ ոչ հեռու ապագայում արդեն հնարավոր կլինի «Կրիմսկ»-ի վրա ամրացնել լազերային կամ էլեկտրամագնիսական տիպի զենք։