Թայվանի պաշտպանության նախարարի հրաժարականը՝ զինվորի մահվան պատճառով

Թայվանի պաշտպանության նախարար Գաո Հուաչժուն հրաժարական է տվել զորակոչիկի մահվան հետ կապված սկանդալի պատճառով։ Հրաժարականի մասին հուլիսի 29-ին պաշտոնապես հայտնել է երկրի վարչապետ Ցզյան Իհուան։

Թայվանի բանակը

Թայվանի բանակը

Պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Էնդրյու Յանը, որը մինչ այդ գերատեսչության փոխնախարարի պաշտոնում էր։

Նշենք, որ նախկին նախարարը հրաժարվել է պաշտոնանկության պատճառները մեկնաբանելուց, սակայն տեղական լրատվամիջոցները վկայում են՝ պատճառը 24-ամյա զինծառայող Հուն Չժունցզյուի մահվան դեպքն էր։

Զինվորը մահացել էր հուլիսի 4-ին ջերմային հարվածից հետո։ Բացի այդ, մահվանից ժամեր առաջ նրան հարկադրել էին վարժանքներ կատարել արևի տակ՝ որպես պատիժ զորամասում տեսախցիկով սմարթֆոն կիրառելու համար։ Վարժանքների ընթացքում ուժասպառ լինելով՝ զինվորը ջուր է խնդրել, սակայն հրամանատարությունը կտրականապես արգելել է ջուր տալ նրան։

Դեպքի լուսաբանումից հետո հետաքննություն է սկսվել, որի արդյունքում 4 զինծառայող է ձերբակալվել՝ մահացած զինվորի հետ դաժան վարվելու մեղադրանքով, ևս 26-ի դեմ պատժամիջոցներ են սահմանվել։

Հավելենք, որ միջադեպը եղել էր զինվորի զորացրումից 3 օր առաջ։ Վերջինս արդեն 1 տարի ծառայել էր բանակում՝ այդ ընթացքում բազմիցս տարաձայնություններ ունենալով հրամանատարական կազմի հետ։

Զինվորի մահը պատճառ է դարձել, որպեսզի հազարավոր ցուցարարներ դուրս գան Թայվանի փողոցներ, մասնավորապես, պաշտպանության նախարարության շենքի մոտ։

Հիշեցնենք, որ Թայվանի նախագահն ու պաշտպանության նախկին նախարարն արդեն իսկ հրապարակավ ներողություն են խնդրել կատարվածի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *