Այսօր՝ հուլիսի 29-ին, 1991-1994 թթ. Արցախյան պատերազմում Ադրբեջանի անհայտ կորած զինվորականների ավելի քան 100 ընտանիք Սահմանադրական դատարանի շենքի առջև ցույց է կազմակերպել։
Ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած համարվողների ընտանիքները պահանջում են իրենց հատկացված ապահովագրական վճարները՝ վկայելով, որ առանց դրանց իրենք հայտնվել են ճգնաժամային ֆինանսական վիճակում։
Չնայած հավաքված ցուցարարների միահամուռ պահանջներին՝ Սահմանադրական դատարանի ղեկավար Ֆարհադ Աբդուլաևն այդպես էլ չընդունեց նրանց։ Փոխարենը նրանց հետ զրուցեց դատարանի ներկայացուցիչ Անար Ջաֆարլին՝ խոստանալով ղեկավարությանը հասցնել վերջիններիս պահանջները։
Ջաֆարլին տեղեկացրեց ցուցարարներին, որ Գերագույն դատարանում իրենց ապահովագրական վճարների հետաձգման գործի քննությունը, որը պետք է կայանար հուլիսի 30-ին, չի լինելու։ Ցուցարարների հայցադիմումները կքննվեն սեպտեմբերի կեսերին, սակայն հստակ որ օրը՝ հայտնի չէ։
«Թուրան» լրատվական գործակալության թղթակցին հաջողվել է զրուցել ցուցարարների հետ։ Նրանք պատմել են, որ իրականում ապահովագրական վճարներից ապօրինի զրկված ընտանիքների թիվը 150 է, որոնցից միայն 20 հոգու է հաջողվել դատարանի միջոցով ստանալ գումարը։
Ավելի վաղ ընտանիքները դիմել էին Իլհամ Ալիևին, ապա Միլլի Մեջլիսի խոսնակին, մարդու իրավունքների պաշտպանին, սակայն այս դիմումներից որևէ մեկն արդյունք չի ունեցել։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ օրեր առաջ այս նույն ընտանիքները դիմել էին գալիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածու Ռուսթամ Իբրահիմբեկովին, որը նույն օրն արձագանքել էր՝ ասելով հետևյալը. «Ադրբեջանը պատերազմից դուրս է եկել ծանրագույն կորուստներով, իսկ վերջին տարիներին իշխանությունը ոչ մի արմատական քայլ չի ձեռնարկել պատերազմից տուժածների նյութական ու հոգեբանական խնդիրների լուծման ուղղությամբ։ Խոստանում եմ, որ ընտրություններից հետո պատկերն այլ է լինելու, ձեր իրավունքները կսկսեն հարգել, և վճարների խնդիրը կլուծվի»։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի պատճառով տուժած ընտանիքները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում Ադրբեջանում։ Արցախյան պատերազմի Ադրբեջանի վետերանների բողոքը, տարիներ շարունակ անտեսված լինելով իշխանությունների կողմից, ի վերջո արձագանք էր գտել հայտնի EurasiaNet կայքի հոդվածում։ Այստեղ, մասնավորապես, ասվում էր, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ վետերանները հասարակության մեջ հարգված մարդիկ են, Ադրբեջանում նրանք չեն կարողանում նույնիսկ պահանջված դեղորայքը ստանալ՝ չնայած որ «Ադրբեջանն իրեն համարում է ապահովված պետություն»։