Ուկրաինայի զրահափոխադրիչների խորտակումը՝ ռուս-ուկրաինական հասունացող սկանդալ

Հուլիսի 26-ից սկսած՝ ռուսական մամուլը պարբերաբար լուրեր է հրապարակում՝ «նավատորմի օրն ուկրաինացիները խորտակել են զրահափոխադրիչներ» խորագրով։
Այսօր՝ հուլիսի 29-ին, Ուկրաինայի փորձագետներն ու լրատվամիջոցներն արձագանքել են միջադեպին։

Պարզվում է՝ հուլիսի 26-ին Ռուսաստանը և Ուկրաինան համատեղ նշում էին ռազմածովային նավատորմի օրը՝ պատրաստվելով Սևաստոպոլում կայանալիք ռազմական շքերթին։ Սևաստոպոլի ծովախորշում ռուսական դեսանտային «Նովոչերկասկ» նավից պետք է դուրս բերվեին 2 միավոր ուկրաինական զրահափոխադրիչներ։ Դրանց դուրսբերման պահին զրահափոխադրիչներից մեկը գրեթե անմիջապես շարքից դուրս եկավ, մյուսը՝ ջրի վրա չմնաց ու ջրասույզ եղավ։

Միջադեպի մասին շտապեցին իրենց տեսակետները հայտնել նաև քաղաքական-հասարակական գործիչները։ Ուկրաինայի խորհրդարանական հանձնաժողովի նախկին ղեկավար Գեորգի Կրյուչկովը տեղի ունեցածը որակեց՝ «ուկրաինական նավատորմի տապալում և ձախողում», մինչդեռ զրահափոխադրիչը նավատորմի մաս չէ։

Այնուհանդերձ, ուկրաինացի մի շարք վերլուծաբաններ չբացահայտված հարցեր առաջ քաշեցին, մասնավորապես՝ ինչու մոտ մեկ շաբաթ առաջ միջազգային «Ծովային զեփյուռ 2013» (Sea Breeze 2013) զորավարժությունների ժամանակ հաջողությամբ կիրառված նույն ԲՏՌ-ները պետք է անսարք վիճակում լինեին։ Ընդ որում, զորավարժության 2 շաբաթների ընթացքում այդ զրահափոխադրիչները բազմիցս տեղափոխվել էին նավերի վրա ու դուրս բերվել դրանցից՝ արդյունքում ստանալով ՆԱՏՕ մասնագետների բարձր գնահատականը։

Ուստի, ըստ որոշ տեսակետների՝ զրահափոխադրիչները, որոնք մոտ 2 օր եղել են ռուսական նավի վրա, նախապես շարքից դուրս են բերվել՝ կինգստոնը բացելու միջոցով։ Դա անհնար էր անել նախքան նավի վրա փոխադրումը, քանի որ այդ ժամանակ մասնագետները մանրամասն զննումներ են անցկացրել։

Այնուհանդերձ, ուկրաինական կողմի մեղադրանքները, թե ռուսները մտադրված շարքից հանել են իրենց ռազմական տեխնիկան, դեռևս փաստարկումներ չունեն՝ չնայած որ ընդգրկում են որոշ տրամաբանական հիմնավորումներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *