Վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության համար նոր խոշոր պահեստ ենք կառուցում. ՊԲ հրամանատար

Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է սպառազինության ձեռքբերման և դրա տեղավորելու հարցին։

Ռազմինֆոն հաղորդում է Ստեփանակերտից։

«Նման իրավիճակ, ինչ ունենք այսօր, դեռ չենք ունեցել։ Խոսքը կոնկրետ սպառազինության, ռազմական տեխնիկայի համալրման մասին է։ Այժմ լուրջ խնդիր ունենք բերված զինամթերքի տեղավորման հարցում»,- նշել է գեներալ-լեյտենանտ Հակոբյանը՝ հավելելով, թե այդ հարցը լուծելու համար ներկայում խոշոր զինապահեստ է կառուցվում։

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

«Զինադադարը հարաբերական է բանակի համար, խաղաղության պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Այս պահին հակառակորդի հետ ոչ ակտիվ պատերազմի մեջ ենք։

Թեև զիջել ենք հակառակորդին ուժերի հարաբերակցության տեսանկյունից, և պատերազմի ժամանակ զիջում էինք հակառակորդին քսան անգամ, սակայն մի շարք ուղղություններով մենք ենք գերազանցում: Սա մեզ հնարավորություն է տալիս հայտարարել, որ Արցախի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակում Ադրբեջանը դեռևս հնարավորություն ունի վերսկսել պատերազմը և պարտվել»,-հայտարարել է Հակոբյան և անդրադարձել Ադրբեջանի ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցին։

«Պատերազմի ժամանակ իմ պաշտպանական գծում առկա տանկերից 61-ը հակառակորդի կողմից առգրավված տանկերն էին: Ավոյի (Մոնթե Մելքոնյան-խմբ) խոսքերն եմ ուզում հիշեցնել, ասում էր, թե «Էլչիբեյը լավ մարդ է, մեզ լավ կզինի»: Միգուցե սպառազինության մի մասն Ադրբեջանը ձեռք է բերել մեզ համար»,-հավելել է ՊԲ հրամանատարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *